Տասնամյակներ շարունակ Իսրայելը խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ առաջնահերթ համարելով Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները։
Թեև Քնեսեթում տարբեր տարիներին քննարկումներ են եղել, անգամ հարցը հասել է հանձնաժողովներ ու լիագումար նիստեր, այն երբեք չի ստացել վերջնական հաստատում։
Մինչդեռ այսօր Իսրայել-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ամենալարված փուլերից մեկում։ Գազայի պատերազմի, Թուրքիայի կոշտ քննադատության և տարածաշրջանային դիմակայության խորացման ֆոնին Իսրայելում կրկին ակտիվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման․
«Ինչպես միշտ է եղել, երբ սրացել են առանձին շրջափուլերում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, իսրայելական կողմն օրակարգ է բերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա հիմնականում եղել է քարոզչական մակարդակում, իսկ ներկայումս հարցը նաև քաղաքական մակարդակում է»։
Արդյո՞ք կառավարության որոշումն արդեն նշանակում է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Իսրայելը խորհրդարանական պետություն է, ինչը նշանակում է, որ ճանաչումը պետք է տեղի ունենա խորհրդարանի մակարդակով։ Նա վստահեցնում է՝ քանի դեռ ներպետական ընթացակարգերը չեն ավարտվել, վաղ է խոսել վերջնական ճանաչման մասին։
Ավելին՝ Պետրոսյանը հիշեցնում է, որ Իսրայելում արդեն նախընտրական շրջան է սկսվում, իսկ գործող խորհրդարանի լիազորությունները մոտենում են ավարտին։ Հետևաբար՝ գործընթացը կարող է նույնիսկ չհասնել քվեարկության։
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը չի հավատում, որ նախագիծն օրենքի տեսք կստանա․
«Սա Քնեսեթում դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա օրենքի նախագիծ, իսկ օրենքի նախագիծն էլ՝ օրենքի ուժ ստանա, և ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման որոշումն ավելի է խորացնելու առանց այն էլ լարված Իսրայել-Թուրքիա հարաբերությունները։ Պետրոսյանի համոզմամբ՝ Իսրայելն այս պահին ընդհանրապես չի էլ մտածում հարաբերությունների կարգավորման մասին։ Ընդհակառակը՝ նման թեմաները կարող են օգտագործվել նաև նախընտրական պայքարում՝ որպես ներքաղաքական գործիք։
Արտյոմ Չերնամորյանը համոզված է, որ սա հարված էր Թուրքիային․
«Եթե հենց հիմա այս նախագիծը բերվի Քնեսեթ, վստահ չեմ, որ այն կանցնի։ Այսինքն՝ սրանով ուղղակի քաղաքական շատ լուրջ ապտակ հասցրին Էրդողանին, և Էրդողանն այդ ապտակը կերավ»։
Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է Ադրբեջանին։ Բաքուն երկար տարիներ համարվել է Իսրայելի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկը և հաճախ փորձել է միջնորդի դեր կատարել Անկարայի և Թել Ավիվի միջև․
«Քանի որ անցումային փուլ է, այս պահին չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ կտրուկ քայլերի կգնա, մանավանդ որ Իրանի հանգամանքը ևս կա։ Իրան-Միացյալ Նահանգներ խնդրի կարգավորման հանգամանքը ևս կա, և այստեղ Իսրայելի հետ ինչ-որ հատուկ քայլեր իրականացնելն այս պահին Ադրբեջանի շահերից չի բխում»։
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Արմեն Պետրոսյանը զգուշացնում է՝ չափազանց մեծ ոգևորության պատճառ դեռևս չկա․
«Անընդունելի երևույթ է, երբ մի ժողովրդի ազգային աղետն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Եվ ավելին, տեսե՛ք, այնուամենայնիվ, իհարկե, ողջունելի է, երբ ցանկացած պետություն ճանաչում է այս ցեղասպանությունը, բայց ողջունելի է, երբ դա արվում է հենց բովանդակային իմաստով»։
Այսպիսով, ըստ Պետրոսյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է բխի բարոյական ու քաղաքական պատասխանատվությունից, այլ ոչ թե լինի Թուրքիայի հետ հարաբերություններում կիրառվող քաղաքական լծակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
