Այս գիշեր (հունիսի 29-ին) երկնքում կհայտնվի ամռան առաջին լիալուսինը, որը հայտնի է «Ելակի լուսին» (Strawberry Moon) անվանմամբ։ Լուսինը լիալուսնի փուլին կհասնի Երևանի ժամանակով հունիսի 30-ի վաղ առավոտյան, սակայն այն ամբողջովին լուսավորված կթվա նաև դրանից մեկ-երկու օր հետո։
Հունիսյան լիալուսինն առանձնահատուկ է նրանով, որ տարվա ամենացածր դիրքում գտնվող լիալուսինն է։ Դա պայմանավորված է նրանով, որ այն դիտվում է ամառային արևադարձից անմիջապես հետո, երբ Արեգակը ցերեկային երկնքում գտնվում է տարվա ամենաբարձր կետում։ Քանի որ լիալուսինը միշտ հայտնվում է Արեգակին հակառակ կողմում, այն երկնքով անցնում է տարվա ամենացածր աղեղով։
Չնայած անվանը՝ «Ելակի լուսինը» վարդագույն կամ կարմիր չի լինում։ Այս անվանումը ծագել է Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ավանդույթներից, քանի որ հունիսը համարվում էր ելակի կարճատև բերքահավաքի շրջան։ Տարբեր մշակույթներում հունիսյան լիալուսինն ունի նաև այլ անվանումներ՝ «Վարդի լուսին», «Շոգի լուսին» և «Մեղրագինու լուսին» (Mead Moon)։
