Հայկական համայնքը էյֆորիայի մեջ չէ. Չերնամորյան

Հայկական համայնքը էյֆորիայի մեջ չէ. Չերնամորյան

Իսրայելի կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունելու։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում, և ինչո՞ւ է Իսրայելը որոշել նման քայլի գնալ։

-Նախ՝ կառավարությունն ուղղակի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Քնեսեթը դեռ չի ճանաչել․ սա չի նշանակում Իսրայել պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում։ Սա միանշանակ այս կառավարության ճանաչումն է՝ վարչապետի գլխավորությամբ, ինչը Իսրայելի ստեղծումից ի վեր երբևէ տեղի չէր ունեցել։ Սա շատ ուշացած որոշում էր՝ պայմանավորված բազմաթիվ քաղաքական գործընթացներով։ Երկրորդ՝ այս նախագիծը Քնեսեթում դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի օրենքի նախագիծ դառնա, իսկ օրենքի նախագիծն էլ՝ օրենքի ուժ ստանա, և ես չեմ հավատում, որ դա ընդհանրապես տեղի կունենա։

-Ինչո՞ւ որոշեցին հենց հիմա ճանաչել, եթե 2018-ին մերժել էին ներկայացված օրինագիծը։

-Շատ պարզ է․ Էրդողանը վերջին շրջանում անընդհատ ցավոտ հարվածներ է հասցնում իր քաղաքական պոլեմիկայի ու խոսելաոճի միջոցով՝ Իսրայելին մեղադրելով Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սրան պետք է հաջորդեր Իսրայելի հարվածը, և Իսրայելն իր ունեցած բոլոր խաղաքարտերը պետք է բացեր։ Այդ խաղաքարտերից մեկը, որը նա հանեց, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է, որով բավականին լավ հարված հասցրեց Թուրքիային։ Բայց այնպես չէ, որ Թուրքիան սրանից վատ է զգում կամ շատ է նեղվել Իսրայելի այս որոշումից։

-Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի քննադատությունը, քանի որ, մյուս կողմից, գիտենք Ադրբեջանի ու Իսրայելի ջերմ հարաբերությունների մասին։

-Ադրբեջանն ու Իսրայելը ջերմ հարաբերություններ ունեն, բայց ես վստահ եմ, որ Իսրայելի արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին արդեն տեղյակ էր պահել այս որոշման մասին։ Ես վստահ եմ դրանում։ Իսրայելն առանց իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները հաշվի առնելու ոչինչ չէր անի, և Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է։ Ի՞նչ է ասել Ադրբեջանը․ ասել է՝ «Խնդրում ենք՝ վերանայե՛ք ձեր որոշումը»։ Այս հայտարարությունն արվել է զուտ ներքին լսարանի համար։

-Ի՞նչ քաղաքական ուղերձ է պարունակում այն ձևակերպումը, որով Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի քայլը որակում է որպես «իրավական և պատմական փաստերն արհամարհող չարակամ փորձ»։

-Դե, ի՞նչ եք սպասում թուրքերից, ի՞նչ պետք է ասեին Իսրայելին։ Մի պետություն, որն ինքն է ցեղասպանություն գործել և հիմա մեղադրում է մեկ այլ պետության, պարզ է, որ վերջինս վաղ թե ուշ պետք է պատասխաներ։ Սա շատ ուշացած որոշում է, և կրկնում եմ՝ Իսրայելի հայ համայնքն այս ամենից ինչ-որ էյֆորիայի մեջ չէ։ Մենք սա չենք համարում հաղթանակ․ մեզ համար հաղթանակ էր 2016 թվականին Քնեսեթի հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը, որից հետո հարցն ուղարկվեց լիագումար նիստ, սակայն այնտեղ քննարկման ժամանակ մերժվեց։ Այն ժամանակ հենց նույն «Լիկուդ» կուսակցությունն էր դեմ քվեարկում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իսկ եթե հենց հիմա այս նախագիծը բերվի Քնեսեթ, վստահ չեմ, որ այն կանցնի։ Այսինքն՝ սրանով ուղղակի քաղաքական շատ լուրջ ապտակ հասցրին Էրդողանին, և Էրդողանն այդ ապտակը կերավ։

-Հայաստանն ինչպե՞ս պետք է դրսևորի իրեն այս հարցում, որպեսզի, մի կողմից, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը չխոչընդոտվի, մյուս կողմից էլ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը չվնասվի։

-Մեր վարած քաղաքական դիրքորոշումից շատ դժգոհ եմ, որովհետև ՀՀ-ն միայնակ հնարավորություն չունի թուրքերի ու ադրբեջանցիների հետ բանակցելու։ Եթե Հայաստանը հաղթանակած պետություն լիներ՝ դիվերսիֆիկացված տնտեսությամբ և եվրոպական արժեքներով, այդ ժամանակ դեռ կարելի էր հասկանալ, բայց այսօր Հայաստանն ի՞նչ հնարավորություն ունի միայնակ բանակցելու։ Այն դեպքում, երբ ռուսները քեզ վաճառեցին, Արցախն ամբողջությամբ նվեր տվեցին Ադրբեջանին, իսկ Թուրքիային բերեցին ու տարածաշրջանում ուժ դարձրին, այս պայմաններում առանձին բանակցելը սխալ մոտեցում է։ Հայաստանն իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում, դրա համար էլ առանձին բանակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչն անընդունելի է։

Սրանով է պայմանավորված արտասահմանյան հյուրերի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիր չայցելելը, Արարատի պատկերներից արագ հրաժարվելը և քարոզարշավի ընթացքում Հայաստանի ներկայիս սահմանների՝ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նշանով ամբողջ օրը շրջելը։ Անընդունելի է նաև ադրբեջանցիների հետ հայ գերիների հարցը չքննարկելը և միջազգային դատարանների, հայերի ու Հայոց ցեղասպանության պահանջատիրության հետ կապված բոլոր այն կետերը, որոնք Ադրբեջանի պահանջով ստորագրել է Փաշինյանի կառավարությունը։

Այս ամենը կարելի է անել միայն Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Սա իմ անձնական կարծիքն է․ Հայաստանում մի հասարակ բան չեն հասկանում։ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցի միայն Վաշինգտոնում և Բրյուսելում, այլ ոչ թե առանձին, ինչը, նորից եմ կրկնում, նեղ տարածաշրջանային մոտեցում է։ Մենք պետք է լինենք հզոր, իսկ այսօր Հայաստանը հզոր չէ․ երկիրը նորմալ ռազմական ինքնաթիռներ կամ բավարար հակաօդային պաշտպանություն չունի։ Այն, որ բանակին լավ կերակրում են, շատ լավ է, բայց միայն բանակին լավ կերակրելը կամ որոշակի պաշտպանական համակարգեր ունենալը բավարար չեն։

Հայաստանը պետք է իրական քաղաքական դաշինքներ կնքի այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Իսրայելն ու ԱՄՆ-ն։ Իսրայելն այսօր Հայաստանին պաշտպանելու գործընթացը փաստացի սկսել է․ ճիշտ է, քաղաքական խաղեր է խաղում և իր անձնական խնդիրներն է լուծում, բայց դա հնարավորություն է։

-Ըստ Ձեզ՝ այս գործընթացն ինչպե՞ս կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա։

-Հայաստանը պետք է ճիշտ արտաքին ուղղություն ընտրի և Իսրայելի հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ հաստատի․ մենք այստեղ այլընտրանք չունենք։ Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Իսրայելն առաջարկեց Հայաստանը դարձնել հենակետ (բաստիոն), զենք ու զինամթերք տրամադրել, Ռուսաստանի կրնկի տակ ճնշված հայ պաշտոնյաներն այդպես էլ հնարավորություն չտվեցին Իսրայելի հետ հարցեր լուծելու։ Փոխարենը՝ Ռուսաստանն ինչո՞ւ թույլ տվեց Ադրբեջանին Եվրոպայից ու Իսրայելից զենք գնել։ Ռուսաստանն ինքն Ադրբեջանին 10 միլիարդ դոլարի զենք վաճառեց, որպեսզի Հայաստանին պարտության մատնի, և թուրք-քեմալական հերթական պայմանագրով դա շատ փայլուն իրականացրին՝ մեր արյան գնով։

Իսկ Իսրայելն ունի հստակ քաղաքական շահեր․ նրան տարածաշրջանում պետք էր մի երկիր, որտեղ կունենար ռազմական բազա՝ Իրանից սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, և նա դա իրականացրեց Ադրբեջանի միջոցով։ Հայաստանն այդ ամենը լավ չգիտակցեց, որովհետև մինչև օրս էլ մնում է Ռուսաստանի կամակատարը (ստրուկը)։ Հայաստանը մինչև այսօր լիարժեք անկախ պետություն չէ․ փորձում են անկախացնել, բայց դեռ չի ստացվում։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment