Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Չինաստանի ղեկավարը վերահաստատել է Պեկինի աջակցությունը Բելառուսի ազգային ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի ընտրած զարգացման ուղուն։
Հանդիպման ընթացքում Սի Ծինփինն ընդգծել է երկկողմ ռազմավարական հաղորդակցության պահպանման և համագործակցության խորացման անհրաժեշտությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Բելառուսի զարգացմանը՝ հանդես գալով որպես «կայունացնող ուժ» ներկայիս անկայուն աշխարհում։
Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ նշելով, որ դրանք հասել են իրենց պատմական առավելագույնին։ Նա ընդգծել է, որ այս փոխգործակցությունը համապատասխանում է այն սպասելիքներին, որոնց շուրջ կողմերը քննարկումներ էին ունեցել նախկինում։
