Իսրայել-Լիբանան համաձայնության մասին.Շահան Գանտահարյան

Իսրայել-Լիբանան համաձայնության մասին.Շահան Գանտահարյան


Իսրայել-Լիբանան համաձայնության մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


– Վաշինգտոնյան համաձայնության 14 կետերը ինչո՞ւ են, ըստ ձեզ, իրավագիտական ուսումնասիրության կարիք ունենում։


 


– Որովհետև անհրաժեշտ է բացահայտել այն իրավական բացերը, որոնք կարող են Իսրայելին հնարավորություն տալ չհանել իր զորքերը Լիբանանի ինքնիշխան տարածքներից։ Համաձայնագրի ձևակերպումները մի շարք դեպքերում այնքան հստակ չեն, որ տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս։


 


– Ո՞րն է ամենախնդրահարույց դրույթը։


 


– Առավել ուշագրավը 2-րդ կետն է։ Այն հստակ ասում է, որ Լիբանանի զինված ուժերը պետք է ամբողջ երկրում տարածեն պետության արդյունավետ իշխանությունը միայն այն բանից հետո, երբ ոչ պետական զինված խմբավորումները զինաթափվեն, և դրանց ենթակառուցվածքները ապամոնտաժվեն։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է նախ և առաջ Հեզբոլլահի ամբողջական զինաթափմանը։


 


– Այսինքն՝ լիբանանյան բանակը չի՞ կարող փուլային կարգով փոխարինել Դիմադրությանը։


 


– Ճիշտ այդպես։ Կետի տրամաբանությունը չի ենթադրում, որ բանակը աստիճանաբար կստանձնի Դիմադրության դիրքերը։ Ընդհակառակը, նրա տեղակայումը պայմանավորված է ոչ պետական զինված ուժերի ամբողջական զինաթափմամբ և նրանց ռազմական ենթակառուցվածքների ապամոնտաժմամբ։


 


– Իսկ ի՞նչ է նախատեսվում իսրայելական զորքերի համար։


 


– Այստեղ է հիմնական խնդիրը։ Համաձայնագիրը նշում է, որ իսրայելական ուժերը պետք է աստիճանաբար վերատեղակայվեն Լիբանանի տարածքից դուրս։ Սակայն չի նշվում, որ այդ գործընթացը պետք է ընթանա Դիմադրության զինաթափմանը զուգահեռ։ Փաստորեն, մի կողմի պարտավորությունը բացարձակ է, իսկ մյուսինը՝ ժամանակային հստակ սահմաններ չունի։


 


– Դուք նաև անդրադառնում եք «վերատեղակայում» եզրին։ Ինչո՞ւ է դա կարևոր։


 


– Որովհետև այստեղ չի օգտագործվում «դուրսբերում» (withdrawal) բառը, այլ «վերատեղակայում» (redeployment)։ Իրավական առումով դրանք տարբեր հասկացություններ են։ «Դուրսբերումը» նշանակում է օկուպացված տարածքից զորքերի հեռացում, մինչդեռ «վերատեղակայումը» կարող է պարզապես նշանակել զորքերի տեղափոխում նույն հակամարտության գոտու մեկ հատվածից մյուսը։


 


– Այսինքն՝ դա կարող է հնարավորություն տալ Իսրայելին պահպանել իր ներկայությունը։


 


– Այո՛։ Եթե սահմանազատումը վերջնականապես իրականացված չէ, ապա «Լիբանանի տարածքից դուրս» ձևակերպումը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Տեսականորեն հնարավոր է, որ զորքերը պարզապես փոխեն իրենց դիրքերը՝ անորոշ ժամանակով հետաձգելով լիարժեք հեռացումը։


 


– Ի՞նչ տեղեկություններ կան գաղտնի հավելվածի վերաբերյալ։


 


– Իսրայելական աղբյուրները խոսում են չհրապարակված հավելյալ դրույթի մասին, որը վերաբերում է անվտանգության մեխանիզմներին։ Ըստ այդ տեղեկությունների՝ ստեղծվելու է լիբանանա-ամերիկա-իսրայելական եռակողմ համակարգ, որը պետք է վերահսկի զինաթափման և տեղակայման գործընթացները։


 


– Այդ մեխանիզմը կարո՞ղ է ազդեցություն ունենալ իսրայելական զորքերի ներկայության վրա։


 


– Ըստ հրապարակված տեղեկությունների՝ այո։ Եթե Իսրայելը և Միացյալ Նահանգները համարեն, որ լիբանանյան բանակը չի կարողանում կատարել իր առաքելությունը, ապա իսրայելական ուժերը կարող են վերադառնալ իրենց նախկին դիրքերը։ Այսինքն՝ հենց այդ երկու կողմերն են գնահատելու, թե արդյոք ստեղծվել են անհրաժեշտ պայմանները։


 


– Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է ամրագրի խաղաղության տանող ցանկացած նախնական համաձայնություն։


 


– Նախ և առաջ պետք է հստակ ամրագրվեն երեք հիմնարար սկզբունքներ՝ հրադադարի երաշխավորված հաստատումը, օկուպացնող ուժերի անհապաղ դուրսբերումը Լիբանանի ինքնիշխան տարածքներից և երկրի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության բացարձակ բացառումը։ Առանց այս սկզբունքների ցանկացած համաձայնություն կմնա խոցելի տարբեր մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment