27 հունիսի 2026 – 11:54 AMT
PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանի հունիսի 27-ի նիստում ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացրել են տարբեր ընտրախախտումների վերաբերյալ իրենց հիմնավորումները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Նիստի ժամանակ ներկայացվեցին հսկայական վարչական ռեսուրսի խախտման մասին ահազանգեր։ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները ներկայացրին, որ հիմնավոր կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա։
«Միասնության թևեր» դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ նույն տարածքում գրասենյակների վարձակալության արժեքները տարբեր են եղել․ իրենց դեպքում՝ շուրջ 200 հազար դրամ կամ ավելի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում՝ նախընտրական հաշվետվություններում նշվել է մոտ 20 հազար դրամ։
Ունեն 500-ից ավելի շտաբ, բայց՝ 0 աշխատող։ Ենթադրում եմ՝ վախեցել են աշխատավարձ տալ, որ չասեն՝ ընտրակաշառք են բաժանում։ Ակնհայտ է, որ այդ աշխատողներին կամ իրականում բաժանել են փողերը ոչ պաշտոնապես, կամ, եթե նույնիսկ ընդունենք, որ դա պայմանական ասեմ՝ անվճար աշխատանք է եղել, կամավորական, միևնույն է՝ դա նախընտրական ֆոնդի ծախսերի մեջ պետք է գրվի»,-ասել է նա:
Օրբելյանը շեշտել է, որ ներկայացվածը խախտումների միայն մի մասն է եղել։
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է նաև հստակ հաշվարկ ստորագրությունների վերաբերյալ. մոտ 30.000-ի տարբերություն կա ստորագրությունների և քվեարկած անձանց միջև։ Խնդիրները շատ են, որոնք հստակ ցույց են տալիս, որ կան շատ հիմքեր ընտրություններն անվավեր ճանաչելու և ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակելու համար»,-ասել է փաստաբանը:
ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դիմում ներկայացրած քաղաքական ուժերը պահանջել են նաև քննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է այդ հարցը քննարկման առարկա չդարձնել։