Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը 900-ից ավելի է․ Տուժածների թվում կան նաև հայեր

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը 900-ից ավելի է․ Տուժածների թվում կան նաև հայեր

27 հունիսի 2026 – 12:50 AMT

PanARMENIAN.NetՎենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 920-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 3300-ը։ Իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ամենաշատ տուժած շրջաններում և շարունակում են լայնածավալ փրկարարական գործողությունը։

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ ընտանիքների տներ են ավերվել, մի քանի անձ տուժել է, կան նաև անհետ կորածներ։ Այդ մասին հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտրարել է, որ ամենաշատ տուժած Լա Գուայրա նահանգը անցել է բանակի վերահսկողության տակ, որը ապահովում է հասարակական կարգը և աջակցում փրկարարական ծառայություններին, գրում է Deutsche Welle-ն:

Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն նաև հայտնել է, որ երկրի մյուս շրջաններից դեպի Լա Գուայրա տանող բոլոր ավտոճանապարհները փակվել են։ Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է, որպեսզի բացառվի աղետի գոտի այն մարդկանց մուտքը, որոնք այնտեղ լինելու անհրաժեշտություն չունեն։ Նախարարը նշել է, որ միջոցառման նպատակն է նվազեցնել մարդկանց առողջության համար վտանգները և արագացնել փրկարարական աշխատանքները։

Հունիսի 24-ին Վենեսուելայի հյուսիսում ընդամենը 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7․2 և 7․5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Երկրորդ ցնցումը դարձել է երկրում վերջին 125 տարվա ամենահզոր երկրաշարժը։ Ամենամեծ ավերածությունները գրանցվել են Լա Գուայրա նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Կարակասից հյուսիս և որտեղ տեղակայված են երկրի միջազգային օդանավակայանն ու ամենամեծ ծովային նավահանգիստը։ Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժի կապակցությամբ հայտարարել է արտակարգ դրություն։

ՆԳ նախարար Դիոսդադո Կաբելյոյի տվյալներով՝ Լա Գուայրա նահանգում աղետի հետևանքներից տուժել է ավելի քան 70 հազար ընտանիք։ Նա այցելել է ամենաշատ տուժած շրջաններ և հայտարարել լայնածավալ փրկարարական գործողության, ինչպես նաև ջրի և սննդամթերքի մատակարարման կազմակերպման մասին։ Բազմաթիվ բնակավայրերում աշխատանքները դանդաղ են ընթանում մասնագետների և տեխնիկայի պակասի պատճառով։ Տեղական լրատվամիջոցները նաև հայտնում են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խափանումների, ինչպես նաև թալանի դեպքերի մասին։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ կարող են մնալ հազարավոր մարդիկ։

Վենեսուելան շարունակում է միջազգային օգնություն ստանալ։ Մասնավորապես, Միացյալ Նահանգները տուժած երկիր է ուղարկել երկու ռազմական նավ և բեռնատար ինքնաթիռներ՝ փրկարարական և մարդասիրական գործողություններին աջակցելու համար։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը (Boris Pistorius) հայտարարել է մասնագետներ ուղարկելու, ինչպես նաև Բունդեսվերի կողմից Վենեսուելա վեց A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին։

Leave a Comment