27 հունիսի 2026 – 13:35 AMT
PanARMENIAN.Net – TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ, հայտարարել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն Ալմաթիում անցկացված Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովում Sputnik Արմենիայի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ համապատասխան հաշվարկներ արդեն կատարվել են, սակայն դրանք ներկայում քննարկվում են ամերիկացի գործընկերների հետ։
«Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – ասել է փոխնախարարը։
Հարցին, թե ինչ գնահատական է տրվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցման արժեքին և արդյոք նախկին հաշվարկները, որոնց համաձայն այն գնահատվել էր մոտ 200-220 մլն դոլար, փոփոխվել են, փոխնախարարը պատասխանել է, որ ենթակառուցվածքներին առնչվող հիմնական ներդրումներն իրականացնելու են ԱՄՆ գործընկերները։
«Մի փոքր դժվարանում եմ նրանց փոխարեն ինչ–որ բան ասել և, այսպես ասած, փակել ինչ–որ ուղղության մեջ», – ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ այժմ գնահատումներ են իրականացվում, և դրանք թարմացվելուց հետո իշխանությունը տեղեկացնելու է այդ մասին։
Ինչ վերաբերում է Ախուրիկի և Երասխի երկաթուղային հատվածների վիճակին, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետ տանող ճանապարհների կառուցման գործում։
Այն հարցին, թե խոսքը միայն խորհրդատվությա՞ն, թե նաև ֆինանսական աջակցության մասին է, Ավանեսյանը պատասխանել է, որ սովորաբար ԵՄ-ի հետ նման համաձայնագրերը ներառում են երկու բաղադրիչն էլ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը զգալի փորձ և գիտելիք է կուտակել հատկապես ենթակառուցվածքների ճիշտ նախագծման ոլորտում։ Հարցին, թե արդյոք այդ հատվածների վերականգնումը քննարկվել է «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ, պաշտոնյան պատասխանել է, որ զուգահեռ շարունակվում են տարբեր քննարկումներ։
«Եթե «Հարավկովկասյան երկաթուղին» ասի՝ «ես հետաքրքրված եմ և ուզում եմ ներդրում կատարել», հիանալի է։ Եթե հաշվարկի, և գինը, որը պահանջի, այնքան բարձր լինի, որ մեր էքստերնալիաները (արտաքին էֆեկտ) զրոյի գան, ապա նպատակահարմարության հարց կկանգնի», – ասել է Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ընթացող քննարկումներում առաջնայինը երկրի շահն է, որպեսզի ՀՀ տնտեսությունը վնասներ չկրի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվել է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կոչվելու է «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն է ապահովելու դեպի Նախիջևան։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։