ՍԴ–ն մերժել է «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ

ՍԴ–ն մերժել է «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ

27 հունիսի 2026 – 14:15 AMT

PanARMENIAN.NetՍահմանադրական դատարանի դատավորները միաձայն մերժել են «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությունը՝ ՍԴ-ում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդության հիմքում դրել է վարչական դատարանում ԿԸՀ-ի դեմ քննվող գործը, որի վարույթը դեռ չի ավարտվել։

«Հակառակ պարագայում ունենալու ենք մի վիճակ, որ բարձր դատարանը, եթե բովանդակային առումով անդրադառնա ԿԸՀ որոշմանը, ապա լեգիտիմության հարց է առաջանալու, թե ինչ պարագայում է դատարանը նման գործողության դիմում, եթե այդ ակտի վերաբերյալ ներկայացված դիմումը վարույթ ընդունված չէ»,– ասել է Դրմեյանը, հայտնում է Panorama.am-ը:

Սակայն ՍԴ դատավորների գնահատմամբ՝ վարչական դատարանում ընթացող վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ Սահմանադրական դատարանը չի կարող իր լիազորությունները զիջել վարչական դատարանին, ինչպես նաև վերջինիս որոշումը չի կարող հակասել Սահմանադրությանը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են ԱԺ ընտրությունները, որոնց մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 4 տոկոսը և կարող էր անցնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն և փաստացի չի հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ ԲՀԿ-ն խորհրդարան չի անցել՝ ստանալով 58,287 ձայն կամ 3.9893 տոկոս։

ԿԸՀ-ի վերջնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանում ՔՊ-ն ունենալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հունիսի 19-ին յոթ քաղաքական ուժ, այդ թվում՝ «Միասնության թևերը», դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ-ում միավորված գործի քննությունը մեկնարկել է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։ Սահմանադրական դատարանը գործը քննելու համար ունի 15 օր ժամկետ։

Leave a Comment