27 հունիսի 2026 – 14:25 AMT
PanARMENIAN.Net – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը պետք է օգտվի իր լիազորությունից և Հայաստանի ամբողջ տարածքում անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։ Նրա գնահատմամբ՝ արձանագրված խախտումները այնպիսին են, որ անհրաժեշտ է նշանակել նոր վերաքվեարկություն։
Որպես այլընտրանքային տարբերակ՝ փաստաբանը առաջարկել է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները և սահմանի մանդատների բաշխման նոր կարգ։ Օրբելյանի պնդմամբ՝ կատարված մաթեմատիկական հաշվարկները ցույց են տվել, որ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել է 4 տոկոսի շեմը, հայտնում է Factor.am-ը:
«Ըստ էության, այլընտրանքային որոշման դեպքում կլինի այնպես, որ Սահմանադրական դատարանը կասի, որ ԲՀԿ-ն ստացավ «փոքր բրոնզը»։ Այսինքն՝ հաշվի առնելով այն թվերը, որոնք կան (ընդ որում՝ այս երկրորդ որոշումը կարող է կայացվել՝ արձանագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասություն չուներ անվավեր ճանաչել այդ տեղամասերում ընտրության արդյունքները, օրինակ՝ արձանագրելով 48.1 հոդվածի հակասահմանադրական մեկնաբանությունը կամ տալով դրան այլ մեկնաբանություն, դրա լույսի ներքո մեկնաբանելով և տալով դիրքորոշում, կամ անվավեր ճանաչելով այդ հաշվարկի կարգը, որտեղ անվավերները գումարվում են), եթե դրանք տեղի չեն ունենում, նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել. վերաքվեարկություն սահմանելու փոխարեն հաստատել է մանդատների բաշխման կարգ, իսկ այդ դեպքում ընդհանրապես անվավեր են ճանաչվում ընտրությունների արդյունքները»,- ասել է Օրբելյանը։
ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դիմում ներկայացրած քաղաքական ուժերը պահանջել են նաև քննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է այդ հարցը քննարկման առարկա չդարձնել։