Լատվիան և Ուկրաինան նախատեսում են անօդաչու սարքերի համատեղ գործարան կառուցել երկրի արևելքում


Լատվիան և Ուկրաինան նախատեսում են համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրության ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետը Телеканал Дождь-ի փոխանցմամբ: Նա ընդգծել է, որ կառավարությունը քննարկում է երկրի արևելքում՝ Լատգալե շրջանում, համատեղ գործարանի ստեղծման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նախագիծը կարող է դառնալ ոչ միայն պաշտպանական համագործակցության օրինակ, այլ նաև տնտեսական խթան տարածաշրջանի համար։

Վարչապետի խոսքով՝ Լատգալեում այսօր առկա են սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ այդ թվում զբաղվածության ցածր մակարդակ և համեմատաբար ցածր աշխատավարձեր, ուստի տարածաշրջանին անհրաժեշտ է նոր տնտեսական ակտիվություն։

Նա նշել է, որ նախատեսվող նախագիծը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանի զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով Լատվիա–Ուկրաինա համագործակցությունը։

Բացի այդ, իշխանությունները նախատեսում են մինչև ամռան վերջ ներդնել լուծումներ՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների երկայնքով անօդաչու սարքերի դեմ պայքարի համար։ Այդ նպատակով դիտարկվում է նաև դրոն-խոցիչների կիրառումը, որը, ըստ իշխանությունների, ավելի մատչելի տարբերակ է, քան ռազմական ավիացիայի օգտագործումը։

Լատվիայի կառավարությունը նաև նախատեսում է վերանայել ապաստարանների ստեղծման և վերականգնման գործող համակարգը՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մոտեցում բոլոր ինքնակառավարման մարմինների համար։

Leave a Comment