Հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Սևան-Զովաբեր ավտոճանապարհի՝ Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 3-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։