Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են։
Շաբաթ օրը Բելգրադում խորհրդարանի շենքի դիմաց անցկացվել է «Սերբիա, մեկ ընտանիք» խորագրով զանգվածային հանրահավաք՝ ի աջակցություն Վուչիչի և իշխող սերբական առաջադեմ կուսակցության։ Սերբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է շուրջ 207 000 մարդ։
«Սա վերջին անգամն է, որ այդքան մեծաթիվ մարդկանց առջև ելույթ եմ ունենում՝ որպես նախագահ։ Ես 14 տարի հավատարմորեն ծառայել եմ իմ երկրին՝ զբաղեցրած յուրաքանչյուր պաշտոնում։ Ասում էին, թե ես երբեք չեմ լքի նախագահի պաշտոնը, բայց սրանք իմ վերջին օրերն ու շաբաթներն են՝ որպես հանրապետության նախագահ»,- հայտարարել է Վուչիչը։
Սերբիայի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի գարնանը, սակայն նա ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ։ Վաղաժամ հրաժարականի դեպքում, օրենքի համաձայն, նոր ընտրությունները պետք է անցկացվեն 90 օրվա ընթացքում։ Վուչիչը նաև հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում։
Սերբիայում վերջին ամիսներին շարունակվում են ուսանողների և ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը՝ վաղաժամ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Ցույցերը սկսվել էին 2024 թվականի նոյեմբերի 1-ին՝ Նովի Սադի երկաթուղային կայարանում տանիքի փլուզումից հետո։ Մայիսի 24-ի գիշերը Բելգրադում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները բախվել էին ոստիկանության հետ, ինչի հետևանքով վիրավորվել էր 17 ոստիկան, 47 մարդ ձերբակալվել էր։
