«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան

«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը: Փորձագետներն ահազանգում են, որ կառավարող ուժը՝ իբրեւ թե հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի համար, մտադիր է գործի դնել մեխանիզմ, որը կապահովի հասանելիություն մեր բջջային հեռախոսներին, ու թերեւս՝ «Աստված գիտե» ինչ ծավալով հասանելիության մասին է խոսքը:

Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը բացարձակապես անկարող է լինելու պետական մակարդակով ապահովել անձնական տվյալների գաղտնիություն՝ այդ թվում արտաքին ուժերի եւ այլ տարատեսակ կազմակերպությունների համար, կարծում եմ կասկածից վեր է մեծամասնության համար:

Եվ ուրեմն, ո՞ւմ մտքով կամ գլխով է անցնում այդպիսի մեխանիզմի ներդրում: Այն, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգությունը, մեղմ ասած, չունի այն ծավալը, որ լինի տոտալ վերահսկողության պատճառ, կարծում եմ անգամ ավելորդ է քննարկել: Ավելին, եթե կա այդպիսի ծավալի մաքսանենգություն, ապա պետք է տոտալ փոփոխության ենթարկվի սահմանապահ ծառայության ու մաքսային ամբողջ համակարգը, ոչ թե հաստատվի տոտալ բջջային վերահսկողություն:

Հարկատուները փող են տալիս, որ սահմանապահ ու մաքսային կառույցները, դրանց օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները պայքարեն մաքսանենգության դեմ, այլ ոչ թե ստեղծվի այդ նույն հարկատուներին տոտալ վերահսկողության ենթարկելու մեխանիզմ:

Բայց, եւ այդուամենայնիվ, ո՞ւմ գլխում է այդ միտքը: Համաշխարհային «թվային իշխանության», հարգարժաններ: Այո, դրանից կօգտվի նաեւ Հայաստանի իշխանությունը, բայց այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է: Մեղմ ասած անտեղյակություն կամ ընդամենը մոլորեցնող դիտավորություն է այդ «իշխանության» գոյությունը համարել դավադապաշտություն: Հետեւեք միջազգային ֆորումներին, հետեւեք թվային հսկաների ղեկավարների «մտքի թռիչքներին», հետեւեք տարբեր պետությունների, այդ թվում հեգեմոնի՝ ԱՄՆ քաղաքականության հանդեպ նրանց ազդեցությանը, հետեւեք թվային մրցակցությանը, հետեւեք համաշխարհային ազդեցիկ ֆորումների օրակարգերին:

Այդ ամենում կա մի գերակա կարմիր թել՝ ուղիղ կամ թափանցիկ համատեքստով. Սահմանել առավելագույն հսկողություն հասարակությունների տրամադրությունների ու շարժի նկատմամբ:

Եվ այդ մղումը նույնիսկ հասկանալի է: Այդ մարդիկ համախառն տիրապետում են տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնավոր դոլարների: Որքան մեծ է նրանց կարողությունը՝ համաշխարհային տարածումով, այնքան մեծ է հանրություններին վերահսկելու նրանց ձգտումն ու մոտիվը՝ իրենց կարողության կոմֆորտի երկարաժամկետ ապահովման համար:

Իսկ, որպեսզի հասարակություններում չառաջանա այդ ամենի նկտամամբ որեւէ լրջմիտ՝ ոչ միայն հակազդեցություն, այլ նույնիսկ՝ կասկած, նրանք բնականաբար ինտենսիվ աշխատանք են կատարում նաեւ այդ ամենի վերաբերյալ խոսակցությունները «դավադրապաշություն» որակելու համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment