Հունիսի 6-ին մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ կային, հայտնում է Armlur.am-ը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»»,- գրել է թերթը։
Ըստ թերթի՝ գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Նշվում է, որ զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրում։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
Զորամասում զինվորին շատ խելացի ու պատրաստված անձնավորություն են համարել։ «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր»։
Սա հունիս ամսվա ընթացքում զինվորի մահվան 2-րդ դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնված է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հունիսի 2-ին զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
