«Կարապետյանը, չմտնելով քաղաքականության մեջ, Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար»․ Թաթուլ Հակոբյան

«Կարապետյանը, չմտնելով քաղաքականության մեջ, Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր ժամանակների հայ բարերարներից Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի մասին ես շատ լավ կարծիք եմ ունեցել և հիմա էլ ունեմ:
Ռուբեն Վարդանյանին կյանքում հանդիպել եմ մեկ անգամ 2021 թվականի օգոստոսի վերջերին, երբ նա ինձ հրավիրել էր Տաթև՝ մասնակցելու Չեթեմ Հաուս քննարկման: Երկու ամբողջական օր նրա հետ հնարավորություն եմ ունեցել շփվելու և ինձ հաճելիորեն զարմացրել է պարոն Վարդանյանի ինտելեկտը, էրուդիցիան՝ ամենատարբեր թեմաների, այդ թվում պատմության մասին նրա գիտելիքների պաշարը:
Երբ նա տեղափոխվեց Արցախ, հրապարակայնորեն դեմ եմ արտահայտվել նրա այդ քայլին, իսկ երբ պարոն Վարդանյանի կողմնակիցները սկսեցին ինձ թիրախավորել, նրան բաց նամակ եմ հղել, որը դրված է ԱՆԻ կենտրոնի կայքում: 2021 թվականի դեկտեմբերին, երբ նա Ստեփանակերտում էր, նրա հետ շփվելու առիթ եմ ունեցել մեկ անգամ՝ առցանց: Ես համարել եմ և հիմա էլ համարում եմ, որ նա չպետք է մեկներ Արցախ, որովհետև դա օգտակար չէի համարում այդ պահին: Պարոն Վարդանյանը պետք է մնար Հայաստանում, և կասկած չունեմ, որ նա տասնապատիկ ավելին կաներ և՛ բռնի տեղահանված արցախահայության, և՛ Հայաստանի համար ընդհանրապես:
Հայաստանի և հայ ժողովրդի պատվի հարցն է նրան Բաքվի գերությունից ազատելը: Դա հեշտ չի լինելու, քանի դեռ հարևան հանրապետությունում իշխանափոխություն կամ մարդափոխություն չի եղել:
Սամվել Կարապետյանին կյանքում չեմ հանդիպել, անգամ մոտիկից չեմ տեսել: Նրա «Տաշիր» հիմնադրամի հետ շփվելու մեկ հնարավորություն եմ ունեցել: 2014 թվականին, երբ հիմնադրեցի ԱՆԻ կենտրոնը, առաջին գիրքը, որ հրատարակեցի, Եղիշե Քաջունու՝ Զորավար Անդրանիկի մասին հուշագրությունն էր:
Դիմեցի «Տաշիր»-ին ընկերներից մեկի միջոցով: Սիրահոժար տրամադրեցին իմ առաջարկած գումարը՝ 500 հազար դրամ, գումարի մյուս մասը ես դրեցի, և հրատարակեցի հատորը, որից 100 օրինակ, որպես տրամադրած գումարի վերադարձ, տարա և հանձնեցի «Տաշիր» հիմնադրամին:
Ի դեպ, գիրքը շատ վաղուց արդեն սպառվել է, հետո նաև այդ գիրքը հրատարակեցի անգլերենով, երկու հրատարակություն, երկուսն էլ Նյու Յորքում, իսկ մեկենասը իմ բարեկամներից Փոլ Շահինյանն էր:
Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանը չպետք է մտներ քաղաքականության մեջ: Չմտնելով քաղաքականության մեջ՝ նա Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար, ինչպես տվել է նախորդ 30 տարիներին: Հիմա գիտեմ, կասեք, որ պարոն Կարապետյանը մտել է քաղաքականություն՝ երկիրը փրկելու գործող իշխանություններից: Սրան էլ դեմ չեմ, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչքանով էր հաշվարկված և արդարացված Սամվել Կարապետյանի այս քայլը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment