Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների արտահանման և տարանցման սահմանափակումների ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց Եվրասիական տնտեսական միության արդյունավետության վերաբերյալ։
Վարչապետը հայտարարեց՝ եթե ԵԱՏՄ-ում խախտվում է ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը, ապա կազմակերպությունը պետք է հստակ պատասխան տա՝ իրականում գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը վտանգավոր նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև միության մյուս անդամների համար։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանի գնահատականներն ու բարձրացված հարցադրումները լիովին չեն համընկնում․ «Եթե դիտարկենք ֆորմալ տեսանկյունից, փաստորեն, Հայաստանի իշխանությունը որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ, որովհետև ինչքան հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը և տարբեր այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ այդ սահմանափակումները քաղաքական չեն և պայմանավորված են ստանդարտների խախտումներով»։
Միաժամանակ, կառավարությունը շարունակում է տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ փորձելով ընդլայնել արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական և այլ շուկաներ։ Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի սկզբանե պայմանավորված էր ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործոններով։
Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա գնահատմամբ՝ նախ Հայաստանը պետք է հստակ արձանագրի, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները քաղաքական բնույթ ունեն։ Առանց այդ գնահատականի, ըստ նրա, անդամակցության վերանայման հարցն օրակարգ բերելն առայժմ հիմնավորված չէ։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ որոշումը կարող է օրակարգ գալ այն դեպքում, երբ եվրոպական ինտեգրման գործընթացներն անհամատեղելի դառնան ԵԱՏՄ անդամակցության հետ։
Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանը շուրջ երկու տարի չի վճարում ՀԱՊԿ անդամավճարը, որը կազմում է կազմակերպության բյուջեի մոտ տասը տոկոսը։ Ղևոնդյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ընտրած «սառեցված մասնակցության» ձևաչափը կանոնադրությամբ նախատեսված չէ։ Ըստ նրա՝ Հայաստանը դեռ 2024 թվականին պետք է սկսեր կազմակերպությունից դուրս գալու գործընթացը, որպեսզի նման իրավական և ֆինանսական հարցեր չառաջանային։
Իսկ Հակոբ Բադալյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի թեման այսօր ավելի շատ ներքաղաքական օրակարգի մաս է, մինչդեռ արտաքին քաղաքական հարթությունում կազմակերպությունն ինքն է կանգնած վերափոխման անհրաժեշտության առաջ։
Ի դեպ՝ ՀԱՊԿ-ի տարեկան բյուջեն մոտավորապես 6 մլն դոլար է, որի 50 տոկոսը մուծում է Ռուսաստանը։ 10-ական տոկոս մուծում են մյուս անդամ պետությունները։ Փաստացի Հայաստանի մասը 10 տոկոս է այդտեղ մոտավորապես 600 հազար ԱՄՆ դոլար մեկ տարվա համար։ Ղևոնդյանի հաշվարկներով՝ չվճարված անդամավճարը կարող է կազմել մոտ մեկուկես միլիոն դոլար, ինչը հետագայում կարող է դառնալ Հայաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների միջև առանձին վեճի առարկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
