Սերժ Սարգսյանը երևի մինչև վերջ չընթերցելով թուղթը, ստորագրել է. հեռակա բանավեճ (ՌԵՏՐՈ 1997)

Սերժ Սարգսյանը երևի մինչև վերջ չընթերցելով թուղթը, ստորագրել է. հեռակա բանավեճ (ՌԵՏՐՈ 1997)

1997թ. դեկտեմբերի 13-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց «Արա Սահակյան-կառավարություն բանավեճը շարունակվում է» հոդվածը։

Radar Armenia-ն ներկայացնում է այդ հրապարակումը։

«ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել երկու փուլով (դրանց ժամկետների մասին կան համապատասխան նշումներ)։ Առաջինը, որ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճի նախասրահում, առավել քան ցուցադրական էր։ ԱԺ փոխխոսնակն ակնհայտորեն ցանկանում էր ցույց տալ, որ հարցերն իրեն հանպատրաստից են տրվում։ Հարցազրույցը կայացավ քայլքի մեջ՝ նիստերի դահլիճի նախասրահի մի ծայրից մյուսը։ Մի քանի օր անց, երբ շատ հասկանալի պատճառով նյութը դեռ պատրաստ չէր, խնդրո առարկային վերաբերող հարցադրումներով հանդես եկավ ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Ելնելով այս հիմքերից՝ նոր պարզաբանումներ ստանալը ևս անհրաժեշտություն նկատեցինք։ Առաջիկայում «Առավոտը» կփորձի նշված խնդիրների շուրջ զրուցել նաև ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ։

09.12.97թ.

– Պարոն Սահակյան, խոսվում է, որ շուտով տրոհվելու է ՆԳ և ԱԱ նախարարությունը, և դուք դառնալու եք ներքին գործոց նախարար։ Հավաստի՞ են արդյոք այս տեղեկությունները։

– Հավաստիությունը կպարզվի ժամանակի ընթացքում, իսկ ճշմարտությունը կեսն է այդ ասվածի։

– Այսի՞նքն։

– Այնպիսի փոքր պետություն, ինչպիսին ՀՀ-ն է, ուր սեփականաշնորհման արդյունքում տնտեսության կառավարման պետական ֆունկցիաները պակասել են, իմաստ չունի մոնստր նախարարություններ ստեղծել։ Կան շեմեր, որոնք ցույց են տալիս քանակական որ աստիճանից հետո է օբյեկտը դառնում անկառավարելի։ Նշված նախարարությունը խորքում մնացել է իբրև երկատված գերատեսչություն, երկմիասնական մարմին։ Հոգեբանորեն ոստիկաններն իրենց ոստիկանության, իսկ անվտանգության աշխատակիցները՝ անվտանգության համակարգի ներկայացուցիչներ են զգում։ Անգամ որոշ կառույցներ դեռևս մնում են առանձնացված։ Դրանք բավականին հեռու կառույցներ են միմյանցից։ Ես խնդիրը չէի պարզունակեցնի։ Կարծում եմ՝ այն շատ ավելի խորն է, քան նախկին պետանվտանգության համակարգը վերացնելու և նորը՝ ազգայինը ստեղծելու խնդիրը, որ դրվեց մեզանում վաղուց, սակայն չկատարվեց։

Ֆունկցիոնալ առումով նույնպես այդ գերատեսչությունները տարբեր են, և ճիշտ է, որ հետախուզությունը, հակահետախուզությունը, սահմանապահ և այլ ծառայություններ ապակենտրոնացվեն։ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացմանն ապահովման առումով առանձին ֆունկցիաներ ունի։ Իր ամենօրյա աշխատանքով նա ավելի կապված է մարդկանց հետ։ Հետևաբար՝ և ՆԳ համակարգերի աշխատակիցների ընդհանուր կուլտուրայի, հասարակության հետ նրանց փոխհարաբերությունների, հասարակության աչքին նրանց կերպարի ընկալման առումներով ևս դրանք տարբեր համակարգեր են։ Չի կարելի նույն համակարգի մեջ ընդգրկել անընդգրկելին։

– Ձեր ասածներից այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կադրային փոփոխությունների գործընթաց է նախատեսվում, ուստի կառույցների ապակենտրոնացման քաղաքականությունն է առաջ մղվում։ Կառույցները, ըստ երևույթին, հարմարեցվելու են նոր նշանակումներին։ Գիտեմ, որ պիտի ժխտեք սա, սակայն կցանկանայի ասեիք՝ արդյո՞ք կառուցվածքային այդ փոփոխություններին կհետևեն կադրային փոփոխություններ։

– Ոչինչ հավերժ չէ մեր կյանքում։ Կադրային փոփոխություններ միշտ կարող են լինել։ Դրանք հիմնականում կատարվում են, երբ փոխվում են խնդիրները։ Դա Հանրապետության նախագահի և վարչապետի սահմանադրական իրավունքն է, այնպես որ իմ խոսքից չարժե բխեցնել բաներ, որոնք դուք եք ցանկանում…

12.12.97թ.

– Պարոն Սահակյան, հրապարակվել է ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի խոսքը, ուր նա ասում է՝ Ազգային ժողովի փոխնախագահը պետք է հասու լիներ այբբենական այնպիսի ճշմարտությունների, որ ներքին գործոց նախարարությունը կոչված է պայքարելու հանցագործությունների դեմ, և միանգամայն տարբեր բաներ են տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության ստուգումը և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը։ Ի՞նչ է, այբբենական այս ճշմարտությունը չգիտեի՞ք։

–  Գոհ եմ, որ գոնե այսպես հեռակա կարգով հնարավորություն ունեմ հարգելի նախարարին հայտնել ափսոսանքս՝ իր պատասխանում տեղ գտած վիրավորական արտահայտության կապակցությամբ։ Իրոք, վերջին շրջանում ես մի քանի ելույթ եմ ունեցել, որոնց լեյտմոտիվը եղել է հանրապետության տնտեսական կյանքին ՆԳ միջամտության խնդիրը։ Միգուցե իմ մտքերն իրավաբանական առումով խոցելի են, միգուցե էմոցիոնալ լիցքի առումով հետապնդման տպավորություն եմ թողնում։ Ես գիտեմ՝ ՆԳ-ն մի գործադիր բուրգ է, այդ բուրգի գլխին կանգնած մարդը, դիցուք նախարարը, պատասխանատվություն է կրում ամբողջ համակարգի համար և անձամբ պետք է արձագանքեր։ Սակայն իմ ելույթները քաղաքական բովանդակություն ունեն, և եթե դրանք իբրև այդպիսին չեն ընկալվել, հավանաբար դա իմ մեղքը չէ։

Արդեն 8-րդ տարին է պետական պաշտոն եմ զբաղեցնում, և այդ ընթացքում իմ շուրջ շատ պատմություններ են պտտվել՝ անձնական անհամեստության, կենցաղային բնույթի շշուկներ։ Մի պահ ես Հայաստանում ծաղկող ալյուրի մաֆիայի ղեկավարն էի, այժմ՝ ինչպես հայտնի է, ես բանկային համակարգն եմ կառավարում… գործադիր իշխանության որոշ գործիչների գնահատմամբ։ Եվ երևի այս մտայնության հենքի վրա էլ հարգելի նախարարը ենթադրում է, թե ես այլ կերպ չեմ կարող իմ քաղաքական գործունեությունն իրականացնել, քան անձնական շահագրգռություններս առաջ տանելով։

– Իսկ դուք անձնական շահագրգռություններ չունե՞ք։

– Իհարկե, անձնական շահագրգռություն ունեմ։ Իմ անձնական շահագրգռությունն է, որ պետությունը պատուհաս չդառնա մարդկանց գլխին, որ մարդիկ ապրեն ապահով, ազատ, որ, իրոք, իրավական լինի մեր պետությունը, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա գործի օրենքի շրջանակներում, որ ՆԳՆ-ն պայքարի հանցագործությունների դեմ և յուրաքանչյուր փող աշխատող մարդու մեջ հանցագործ չտեսնի, ինչպես և մաքսավորը սահմանն անցնող յուրաքանչյուր քաղաքացու մեջ չտեսնի մաքսանենգի։ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մինչև վերջ չընթերցելով իր առջև դրված թուղթը, ստորագրել է այն։ Տեքստի շուրջ կարելի էր բանավիճել, եթե չլիներ նախավերջին պարբերությունը (այնտեղ ասված է, որ Արա Մահակյանի տեսակետները մտացածին են, նպատակամետ և հետևանք անձնական շահագրգռության… և այլն)։

– Պարոն Սահակյան, եթե ես ճիշտ եմ ընկալում, անձնական շահագրգռություն ասվածը միանգամայն այլ բան է։ Դուք խնդիրը հեռացնում եք ձեզանից, սակայն, կարծեմ, մեզանում վաղուց պետության զարգացմանը նպաստելն անձնական խնդիր չի դիտվում։ Այդ ոլորտում առավելապես տեղավորում են սեփական անձին առնչվող տնտեսական, ֆինանսական, գրպանային խնդիրներ։ Դուք ձեր ելույթներում այդ որակի շահեր չե՞ք հետապնդում։

– Ես կանտեսեի հարցի մեջ թաքցված վիրավորանքը, որովհետեւ կասկածը նույնպես վիրավորանք է։ Այդ հարցով խորհուրդ կտայի դիմել այն մարդկանց, ովքեր իմ առնչությամբ ինչ-որ մեղադրանքներ են ակնարկում։ Եթե դա ձեզ այդքան հուզում է, կարող եք պարզել, թե ինչու են մարդիկ նպատակայնություն, միտումներ ու անձնական շահագրգռվածություն գտնում իմ ասածում միայն իմ ելույթներից հետո։ Եթե, իրոք, կա մի բան, թող ասվի պարզորոշ եւ հրապարակայնորեն, եւ ես դրան պատասխան կամ կունենամ, կամ ոչ։ Այսինքն՝ ի՞նչ, փորձում են իմ բերանը փակե՞լ․․․ Եթե ինձ համոզեն, որ ինչ-որ գնահատականներում սխալ եմ կամ խախտել եմ էթիկետը, կարող եմ ընդունել, զղջալ։ Ես ինքնասիրահարված մարդ չեմ եւ ինձ անսխալական չեմ համարում։ Բայց այն մարդը, որը կոչված է հանցագործությունների դեմ պայքարել եւ պաշտպանել օրինականությունը, նա, անկախ որեւէ գործի հրապարակային ելույթից, իր ասելիքը պետք է ասի։ Չարժե թփի տակ քար պահել։ Անշուշտ, հարցի հոգեբանական կողմը նույնպես գոյություն ունի։ Երբ իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, բնական է համարվում, ոչ ոք չի զարմանում, բոլորը սովորել են դրան։ Կարելի է ասել՝ առանց դրա տխուր է։ Սակայն անսովոր է՝ երբ քննադատում են «յուրայինները»․․․ Գուցե․․․ չգիտեմ։ Այնուհանդերձ, կրկին դիմում եմ կառավարությանը՝ հանգիստ թողեք գործարարներին։

Արմեն Զաքարյան»։

Leave a Comment