Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Միացյալ Նահանգներին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
«Եթե մենք խոսում ենք բացարձակ չեզոքության մասին, ապա դա, հավանաբար, կիրառելի չէ, քանի որ Միացյալ Նահանգները մատակարարում է զենքի մեծ մասը՝ նախկինում անվճար, իսկ հիմա՝ գումարի դիմաց։ Այսինքն՝ այս գործընթացը շարունակվում է։ Բացարձակ չեզոքություն, իհարկե, գոյություն չունի։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի ազդեցությունը եվրոպական երկրների ու Ուկրաինայի վրա և նկատի ունենալով այն, ինչը մենք համարում ենք նախագահ Թրամփի և նրա բանակցային թիմի անկեղծ ցանկությունը՝ օգնելու խաղաղ կարգավորմանը, մենք բաց ենք մնում խաղաղության գործընթացի համար»,- հայտարարել է Պեսկովը։
Նա մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որում վերջինս G7 գագաթնաժողովից հետո նշել էր, թե Միացյալ Նահանգներն այլևս չեզոք միջնորդ չէ Ուկրաինայի հարցում։
«Չեմ կարծում, որ Մակրոնը կարող է պնդել, թե ինքը Վաշինգտոնի փաստաբանն է կամ մամուլի քարտուղարը։ Սակայն մենք մինչ օրս ԱՄՆ-ից որևէ աջակցող հայտարարություն չենք լսել»,- հավելել է նա։
