«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան

«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հաղորդվում է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը իր պաշտոնավարման ժամկետն ավարտող ԱԺ փոխնախագահ էր:

Ընդ որում, թեկնածուներ եղել են ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, նաև ֆրակցիայի ներկայիս ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել է փակ գաղտնի քվեարկություն: Ֆորմալ իմաստով՝ գուցե: Սակայն իհարկե «պատմությունը կլռի», թե ինչ ներքին աշխատանք է եղել մինչև այդ փակ գաղտնի քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանի ինչպիսի տրամադրություններ են փոխանցվել ընտրողներին՝ վարչության անդամներին:

Համենայն դեպս, ընտրվել է մարդ, որն այդ եռյակից թերևս ամենից վստահելին է Նիկոլ Փաշինյանի համար:

Իսկ ընդհանուր առմամբ, ներիշխանական հարաբերությունների դաշտից դուրս, սկզբունքորեն իհարկե որևէ նշանակություն չունի, թե ով է ընտրվելու ԱԺ նախագահ: Որովհետև, երեք թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, միևնույն է, նա կատարելու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: Մնացյալը, կլիներ արդեն անձնական տիրույթում՝ մեկին շատ կհամակրեին կամ հակակրեին, մյուսին՝ քիչ:

Հայաստանում չկա խորհրդարանի մեծամասնություն, կան Նիկոլ Փաշինյանի կուսակցական ենթականեր»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment