ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է՝ որքան է ՀՀ-ի և մյուս երկրների անդամավճարը

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է՝ որքան է ՀՀ-ի և մյուս երկրների անդամավճարը


 

Sputnik. Վասիլևի խոսքով՝ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը։


 


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի անդամավճարը կազմում է 10%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։


 


Մեկնաբանելով անդամավճարների թեման՝ նա նշել է, որ «խոսքը տոկոսային հարաբերակցության մասին է»։


 


Վասիլևը հիշեցրել է, որ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը, «մյուսները վճարում են կազմակերպության բյուջեի 10-ական տոկոսը»։


 


«Համապատասխանաբար, իր 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, վերջինս արդեն երկու տարի է՝ չի վճարում»,-հավելել է նա։


 


Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարությունը մանրակրկիտ քննարկելու է Հայաստանի հետագա անդամակցության հարցը։


 


Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:


 


Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:


 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:


 


Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։


 


Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment