Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա ազդեցությանը Հայաստանի գյուղատնտեսության վրա։
«Մեր իշխանությունը դիվերսիֆիկացիայի փոխարեն այս ութ տարիների մեջ կախվածությունը հնարավորինս մեծացրել է ռուսական շուկայից։ Ոչ թե ինքը դիվերսիֆիկացիա է արել, այլ մի հսկա շուկայից, որից կախվածություն ունենք, էդ էլ կտրել է»,- նշել է նա։
Նա խոսել է ամենամեծ ռիսկերի տակ հայտնված ոլորտների, պետական աջակցության արդյունավետության, շուկաների դիվերսիֆիկացիայի և արտահանման նոր ուղղություններ գտնելու հնարավորությունների մասին։
Մնացականյանի փոխանցմամբ՝ «Ամենամեծ ռիսկը այսօր ծաղիկ արտադրողներն են, նրանք շատ ոչ նախանձելի վիճակում են հայտնվել, որովհետև ծաղիկը, եթե չարտահանես, ոչ կարող ես վերամշակել, ոչ կարող ես պահպանել»։ Իսկ պետական աջակցության գործիքների մասին խոսելիս նա հավելել է. «Այդ սուբսիդիաները ենթադրենք ընդհանուր ծավալի 3%, 2%-ի չափով են արվում, դա այս ահռելի մեծ կորուստի մեջ չերևացող չնչին թիվ է»։
Մնացականյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր, ըստ իրեն, պետք է իրականացվեին, որպեսզի հայկական արտադրանքը կարողանար մրցունակ լինել եվրոպական շուկայում, և ինչու այսօր ԵՄ շուկա մուտք գործելը չափազանց բարդ է։
«ԵՄ շուկա մտնելու համար լրջագույն տնային աշխատանք է պետք կատարել, լրջագույն, այդ տնային աշխատանքը եթե չանենք, մենք երբեք չենք կարող մտնել և երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել եվրոպական շուկայի հետ։ Բացարձակ մրցունակ չենք եվրոպական շուկայում սպիրտային խմիչքների առումով»,- ընդգծել է գործարարը։
Նա նաև համեմատել է Հայաստանի, Ուզբեկստանի և Վրաստանի փորձը գյուղատնտեսական քաղաքականության և արտահանման զարգացման հարցում։
«Ուզբեկստանը փայլուն օրինակ է շուկայի դիվերսիֆիկացման հետ կապված։ Ուզբեկստանը կիրառում է ճիշտ քաղաքականություն, կիրառում է թիրախային նպատակահարմարությամբ քաղաքականություն, իսկ մենք խոսում ենք բացառապես, ենթադրենք, օդում ինչ-որ բաներից ու հողի վրա չեն կատարում որևէ գործողություն»,- արձանագրել է բանախոսը։
Ֆերմերը նաև գնահատել է ստեղծված ճգնաժամի հնարավոր երկարաժամկետ հետևանքները և ներկայացրել իր տեսլականը ոլորտի զարգացման վերաբերյալ։
«Եթե դու չունես խոշորամասշտաբ մտածողություն, դու 500 կգ ծիրան այսպես արտահանելով Ֆրանսիա, կարող ես ցույց տալ, որ դու գրավեցիր ֆրանսիական շուկաները։ Փոքրամասշտաբ նեղ մտածողության մարդիկ երբեք չեն կարող մեծ գործեր անել»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
