40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար

40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար

Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Պիտեր Շիլթոնը հայտարարել է, որ այլևս նեղացած չէ արգենտինացի Դիեգո Մարադոնայից՝ 1986 թվականի աշխարհի առաջնությունում ձեռքով խփած գոլի համար։ Այդ հանդիպման 51-րդ րոպեին Մարադոնան բացել էր հաշիվը՝ Շիլթոնի դարպասը գրավելով ձեռքով, սակայն մրցավարը գոլը հաշվել էր։ Այդ դրվագը հետագայում համաշխարհային ճանաչում ստացավ որպես «Աստծո ձեռք»։ Արգենտինան հաղթեց 2-1 հաշվով և ի վերջո դարձավ աշխարհի չեմպիոն։

«Այդ ժամանակվանից անցել է 40 տարի։ Վերջերս ես մի քանի արգենտինացի ֆուտբոլիստների հետ մասնակցել եմ վավերագրական ֆիլմի նկարահանումների, և նրանք մեծ հարգանք են ցուցաբերել իմ նկատմամբ։ Կարծում եմ՝ ժամանակն է անցյալում թողնել վիրավորանքները»,- ասել է Շիլթոնը։

Հիշեցնենք, որ Անգլիա – Արգենտինա քառորդ եզրափակիչը կայացել էր 1986 թվականի հունիսի 22-ին՝ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին․ ընդամենը չորս տարի առաջ նրանք պատերազմել էին Ֆոլքլենդյան կղզիների համար։ Այն բանից հետո, երբ թունիսցի մրցավար Ալի Բեն Նասերը, անտեսելով անգլիացիների բողոքները, հաշվել էր ձեռքով խփված գոլը, Մարադոնան հետխաղային մեկնաբանության ժամանակ ասել էր, որ գնդակը խփվել է «մասամբ Մարադոնայի գլխով, մասամբ՝ Աստծո ձեռքով», ինչից էլ ծնվել է «La Mano de Dios» արտահայտությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment