Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Աջապահյանի դատավճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության

Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը դատարանը վերացրեց, իսկ բացակայելու արգելք խափանման միջոցը թողեց անփոփոխ։ 

Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր, և դատարանի որոշմամբ՝ Աջապահյանը շարունակում էր մնալ կալանավորված՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment