Եվրասիական տնտեսական միության հիմքում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսքի սկզբունքներն են, և եթե այդ ազատ հոսքը չի գործում, ապա հարց է առաջանում ԵԱՏՄ-ի գոյության վերաբերյալ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողըհարցին՝ հնարավո՞ր է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում այնպիսի սառեցում տեղի ունենա, ինչպիսին եղավ ՀԱՊԿ-ի պարագայում, Փաշինյանը պատասխանեց՝ կառավարության նիստում արդեն պատասխանել է այդ հարցին։
«ԵԱՏՄ-ն չորս սկզբունք ունի՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ եթե խնդիրն ունի ժամանակավոր բնույթ, դա կարելի է հասկանալ, սակայն երկար շարունակվելու դեպքում այն արդեն այլ նշանակություն է ստանալու։
«Լավ, կարող է մեկ ամիս խնդիր լինի, երկու ամիս խնդիր լինի, երեք ամիս խնդիր լինի, բայց չորրորդ ամսում եթե խնդիրը դեռ կա, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չկա։ Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ի՞նչ անենք»,- նշեց Փաշինյանը։