15 տարի առաջ այս օրը՝ 2011թ. հունիսի 24-ին Կազանում, այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սա ԼՂ խնդրի բանակցային գործընթացի հանգրվանային հանդիպումներից մեկն էր։ Դեռևս հունիսին Կազանում կայացած հանդիպումից առաջ տարբեր տեղեկատվական արտահոսքեր էին լինում, ըստ որոնց՝ կողմերը մոտ են համաձայնության առավել, քան երբևէ։
Անգամ սպասվում էր փաստաթղթի ստորագրում։ Հայկական կողմն ընդունել էր փաստաթուղթը, սակայն վերջին համաձայնություն չեղավ, քանի որ Ադրբեջանը մի շարք վերապահումներ էր ներկայացրել։
Ավելի ուշ՝ 2016թ. ապրիլին, Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում մանրամասներ էր ներկայացրել կազանյան բանակցություններից՝ առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարելով, որ ինքը պատրաստ էր ազատագրված 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին։
Radar Armenia-ն կազանյան գործընթացի «15-ամյակի» առթիվ ներկայացնում է Սերժ Սարգսյանի հարցազրույցից հատված.
«Ճիշտ է, որ Ռուսաստանն ակտիվ է այս ուղղությամբ, և ՌԴ-ն մշտապես ակտիվ է եղել բանակցային գործընթացում: Ես վստահ էի, որ Լավրովը որևէ փաստաթուղթ կամ որևէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել, որովհետև Լավրովը շատ փորձված դիվանագետ է, և նա շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ:
Եվ Լավրովը, և մյուս համանախագահ երկրների և՛ արտգործնախարարները, և՛ նախագահները հստակ գիտեն՝ ով է գործողություններ սկսել և ինչ նպատակով, և այդքանից հետո մեզ առաջարկել սկսել բանակցություններ, կոռեկտ չէր լինի: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, միևնույն է, բանակցություններ են լինելու, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և ես Լավրովին ներկայացրել եմ իրադարձություններից հետո խնդրի նկատմամբ մեր տեսլականը, մեր տեսանկյունը: Բանակցությունների այս փուլը մենք սկսել ենք 9 տարի առաջ՝ 2007թ., և այդ ինը տարիներից առնվազն չորսը եղել են շատ ինտենսիվ տարիներ բանակցությունների համար:
Այդ ժամանակ ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև ՌԴ նախագահը՝ այսօրվա վարչապետը՝ Դմիտրի Մեդվեդևը, և բազմաթիվ անգամ շատերին թվում էր, թե մենք մոտ ենք արդեն փաստաթուղթ ստորագրելուն, իսկ 2011թ. Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին և՛ ինձ, և՛ Ալիևին, իսկ ՌԴ-ի նախագահի անմիջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական և ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպումից առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. և ադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը ևս:
Ինչո՞ւ, որովհետև արդեն մի քանի անգամ հենց Լավրովի, այլ միջնորդների կարծիքով՝ փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում էր: Բայց մեր անձնական հանդիպումների ժամանակ Ալիևի հետ, ես արդեն տեսնում էի, որ ինքը հակված է խնդիրն այլ ճանապարհով լուծելու, և դա արդեն իմ համոզմունքն էր դարձել: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ դա արդեն այն ժամանակն էր, որ Ադրբեջանը սկսել էր հարստանալ կամաց-կամաց և արդեն խոսում էր մեծ ռազմական բյուջեների մասին: Այսինքն՝ այս իրադարձությունները սպասելի էին, և սրա մասին մենք բազմաթիվ անգամներ, տարիներ շարունակ խոսում էին, ասում էինք, դիմում էին համանախագահներին, դիմում էինք միջնորդ երկրների ղեկավարներին, որ՝ տեսեք, հասունանում են գործողությունները, ժամանակն է վստահության միջոցառումներ ձեռնարկել, ժամանակն է վերահսկողություն իրականացնել, ժամանակն է հասցեական հայտարարություն անել, թե ով է խախտում հրադադարի կանոնները:
–Կարո՞ղ եմ հարցնել՝ ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ Լավրովի առաջարկների մի մասը ներառում էր հայկական ուժերի հետքաշում ԼՂ հարակից ադրբեջանական տարածքներից և ռուսական խաղաղապահների ինչ-որ կերպ ներկայություն այդ հատվածում: Կա՞ Հայաստանի համար նման ընդունելի մի բան, և երբևէ այն քննարկվե՞լ է:
– Այդպես չէ, բայց ես հասկանում եմ դուք ինչ եք ասում: Եվ դա որոշակի հիմքեր ուներ, բայց անկեղծ պիտի ասեմ, որ կոռեկտ հնչի այն լրագրողները, ովքեր աշխատում էին այդ հոդվածների վրա, նրանք շատ լավ չէին պատկերացնում իրավիճակը և քիչ տեղեկություններ ունեին: Դրա համար մի տեսակ անհասկանալի շիլաշփոթ էր իրենց ասածը: Ես որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր՝ արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը:
Եվ ԼՂՀ ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ՝ ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր՝ 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի:
Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ՝ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր: Երևի ինչ լսել են, չեն տեսել փաստաթուղթը, և իրենց մակարդակն էլ այդքան է հերիքել, որ այդպես ներկայացնեն:
– Մենք ողջունում ենք: Արդյոք այժմ՝ ներկա իրադրությունում, ռուս խաղաղապահների որևէ դերակատարում տեսնո՞ւմ եք՝ ճնշումները նվազեցնելու, էսկալացիան մեղմելու տեսանկյունից: Նույնիսկ, եթե անմիջական բանակցություններ իրականացնելու հնարավորություն չկա…
– Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի ԼՂ-ում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի միջև: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով՝ առնվազն: Գիտեք, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ պատասխանեմ նաև ձեր չտված հարցին, որովհետև այդպիսի հարցեր միշտ օդում, այսպես ոնց որ՝ ներկա են լինում: Եվ իմ խորին համոզմունք է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում: Եվ մեզ էլ, մեր շահերից էլ չի բխում, որ մեր տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն՝ անկախ արդյունքներից: Մենք փոքր երկիր ենք, և մենք կարող ենք շատ անդառնալի կորուստներ ունենալ: Մենք պարտավոր ենք ռազմական գործողություններ վարել և կռվել միայն այն դեպքում, երբ պարտադրված ենք, երբ այլ ելք չկա։
Գիտե՞ք՝ ինչու եմ ասում, որ ՌԴ-ին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև, երբ որ նաև այս 4 օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ ՌԴ-ն վարում է, գոնե մեդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով՝ հավասարակշռված քաղաքականություն՝ մեր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ, չնայած նրան, որ մենք ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում՝ Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը:
Մենք՝ ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Ե՛վ ՀՀ-ում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից մեկում դժգոհությունը շատ-շատ ավելի մեծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ»:
