Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի վերջին սահմանափակումներից հետո Եվրահանձնաժողովը մշակում է աջակցության փաթեթ։ Նպատակն է ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։ Ըստ այդմ՝ նախատեսվում է նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել մաքսատուրքերը հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական մի շարք ապրանքների համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ արտահանողների համար։
Սակայն մասնագետները նշում են՝ միայն մաքսային արտոնությունները բավարար չեն հայկական արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար․
«Մաքսային արտոնություններն ընդհանուր պատմության մի փոքր հատվածն են, որովհետև նույնիսկ եթե առանց մաքսատուրքի Եվրոմիություն արտահանենք, միևնույն է, կան ոչ մաքսային արգելքներ, որոնք խոչընդոտում են մեր ապրանքների արտահանմանը դեպի Եվրոմիություն։ Դրանցից առաջինը ստանդարտացումն է»։
Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը միայն մաքսատուրքերը չեն։ Հայ արտադրողները բախվում են նաև սերտիֆիկացման պահանջների, լոգիստիկ դժվարությունների և բարձր տրանսպորտային ծախսերի։ Արդյունքում, նույնիսկ զրոյական մաքսատուրքի պայմաններում, եվրոպական շուկա մուտք գործելը հեշտ չի լինելու։
Այս քննարկումները հատկապես արդիական են դարձել Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ Ամենամեծ հարվածը հասցվել է գյուղատնտեսական ոլորտին, որտեղ հիմա արտահանման թեժ սեզոնն է․
«Մենք խոսում ենք արագ փչացող վարդերի, ծաղիկների, մրգերի, բանջարեղենի մասին, որոնք հենց այս պահին պետք է փրկել։ Իրականությունն այն է, որ այդ ապրանքների 95-99 տոկոսը՝ առյուծի բաժինը, գնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն»։
Թավադյանը հիշեցնում է, որ դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքը հասնում էր միջինը մեկ շաբաթում, մինչդեռ եվրոպական շուկաներ տեղափոխումը կարող է տևել շուրջ երկու շաբաթ, ինչը լուրջ խնդիր է արագ փչացող ապրանքների համար։
Այդ պատճառով, ըստ տնտեսագետի, եվրոպական շուկաներում ավելի մեծ հեռանկար ունեն ոչ թե թարմ մրգերն ու բանջարեղենը, այլ բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքները․
«Եթե Եվրամիություն արտահանման մասին ենք խոսում, առաջին հերթին պիտի խոսենք ոչ թե թարմ մրգերի և բանջարեղենի մասին, այլ բարձր ավելացված արժեք ունեցող վերամշակված արտադրանքի կամ բարձր արժեք ու փոքր քաշ ունեցող այլ ապրանքների մասին»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, հանքային ջրի, գինու, կոնյակի և ձկնամթերքի ներմուծումը՝ պաշտոնապես հղում անելով տեխնիկական և բուսասանիտարական խնդիրներին։
Մինչդեռ Բրյուսելում համոզված են, որ այս քայլերն ունեն քաղաքական ենթատեքստ և ուղղված են Հայաստանի վրա ճնշում գործադրելուն՝ եվրոպական ինտեգրման գործընթացների խորացման պայմաններում։
Ըստ Financial Times-ի՝ Եվրամիության առաջարկվող միջոցառումները կարող են ընդգրկել այն ապրանքների մեծ մասը, որոնց նկատմամբ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել։ Խոսքը տարեկան շուրջ 420 միլիոն եվրոյի արտահանման մասին է։
Այնուամենայնիվ, տնտեսագետը զգուշացնում է՝ ռուսական շուկայի կորուստները միայն մաքսային արտոնություններով փոխհատուցել հնարավոր չէ։ Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում ստեղծված իրավիճակը կարող է խթանել արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, եթե իրականացվեն նպատակային քայլեր՝ եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար։
«Չպետք է այնպես անել, որ կախված լինենք մեկ շուկայից»,- նշում է տնտեսագետը։ Նրա դիտարկմամբ՝ հայկական ապրանքների ներկայությունը Եվրամիության շուկայում պետք է մեծանա, բայց դա պետք է անել փուլային և համակարգված ձևով, ոչ թե արտակարգ իրավիճակի պայմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
