2026 թ․ հունվար-մայիս ամիսներին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճել է 49,4%-ով՝ հասնելով 421,5 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այս ցուցանիշով Հայաստանը Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկում 7-րդն է։ Վիճակագրության համաձայն՝ հունվար-մայիսին Վրաստանը Հայաստանից գնել է 166,1 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք։ Ներմուծող երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 2,3% մասնաբաժնով։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ․
-Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ աճը։
-Այս տվյալները վերաբերում են 2026 թ․ հունվար-մայիս ամիսներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին ամիսներին իսկապես աճ կա, և դա պայմանավորված է նաև Հայաստանից ներմուծման գրեթե կրկնակի ավելացմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2026 թ․ հունվար-մայիսին Վրաստանը Հայաստանից գնել է 166,1 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս թիվը եղել է 83,6 մլն ԱՄՆ դոլար։ Ներմուծման նման աճը պայմանավորված է պղնձի և թանկարժեք մետաղների հանքաքարերի ներմուծման ծավալների մեծացմամբ։ Այս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 38 619 տոննա պղնձի հանքաքար և խտանյութ (105 միլիոն դոլար), 1 192 տոննա թանկարժեք մետաղների հանքաքար և խտանյութ (13,4 միլիոն դոլար)։ Վերջին ամիսներին Հայաստանից Վրաստան է արտահանվել նաև ռեկորդային քանակությամբ ծաղիկ, ինչպես նաև, ըստ վրացական հրապարակումների, կենդանի ձուկ, որը նախկինում Հայաստանից չէր արտահանվում դեպի Վրաստան։ Հայտարարվում է, որ կենդանի ձկան արտահանման ծավալները դեռևս փոքր են. արտահանվել է շուրջ 139 հազար դոլարի ձուկ։
-Որոշ ապրանքների դեպքում, օրինակ՝ կտրված ծաղիկների, ներմուծումը Վրաստան գերազանցել է 218 տոննան։ Արդյո՞ք սա կապ ունի Ռուսաստանի ճնշումների կամ տարածաշրջանային սահմանափակումների հետ։
-Վրացական մեդիայում կան հրապարակումներ, որ Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման արգելքից հետո դեպի Վրաստան կտրված ծաղիկների և կոկոնների ներմուծումն աճել է։ Վիճակագրության համաձայն՝ մայիսին Վրաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 341,7 տոննա ծաղիկ, որից 218 տոննան՝ Հայաստանից։ Օրերս հայտարարվել էր, որ Հայաստանից ներմուծված ծաղիկները չեն վերաարտահանվում և մնում են վրացական շուկայում։
-Կարո՞ղ է արդյոք Վրաստանից դեպի Հայաստան 255,4 միլիոն դոլարի արտահանումը վկայել այն մասին, որ երկու երկրների միջև տնտեսական կապերը դառնում են ավելի փոխկախված։
-Տնտեսությունը, հատկապես առևտրաշրջանառությունը, Հայաստան-Վրաստան համագործակցության ամենազարգացած ոլորտներից է։ Ավանդաբար Հայաստանը մտնում է Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների տասնյակի մեջ՝ ամեն տարի զբաղեցնելով 6-10-րդ հորիզոնականները։ Թեպետ այս ոլորտը երկկողմ համագործակցության առումով առաջատարներից է, սակայն բարելավվելու մեծ հնարավորություն ունի։ Փորձը ցույց տվեց, որ հայկական որոշ ապրանքներ կարող են անխոչնդոտ արտահանվել նաև Վրաստան։ Բացի այդ, վերջին տարիներին առևտրաշրջանառության ոլորտում կողմերը կարողացել էին հատել 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը։ Իհարկե, այս ցուցանիշն ամեն տարի չէ, որ հաջողվում է պահպանել։
-Իսկ հնարավո՞ր է, որ հայկական ապրանքները, Վրաստան արտահանվելով, վերաձևակերպվեն և վրացականի անվան տակ տարվեն ՌԴ։
-Վերջերս վրացական կողմն այս հարցին պաշտոնապես արձագանքել է։ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն լուրը, թե հայկական ծագման արտադրանքը վերաարտահանվում է ՌԴ՝ այլ երկրի անվան տակ։ Բացի այդ, ինչ վերաբերում է կոնկրետ ծաղիկների արտահանմանը, վրացական մեդիան պարզել է, որ Հայաստանից ներմուծված ծաղիկները մնում են վրացական շուկայում, որովհետև նույն ժամանակահատվածում Վրաստանն ընդհանրապես ծաղիկներ չի արտահանել որևէ այլ երկիր։
Լիլիթ Աբրահամյան
