Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա


Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  այցի ծրագիրը կմեկնարկի Տորոնտոյում գտնվող Դարլինգթոն ատոմային էլեկտրակայան այցով, որի նպատակն է տեղում ծանոթանալ Կանադայի հնարավորություններին միջուկային էներգետիկայի ոլորտում։


Այցի երկրորդ օրը Ֆիդանը հանդիպումներ կունենա գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Օտտավայում բանակցություններ կվարի Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կներկայացնի Անկարայի դիրքորոշումը թուրք-կանադական համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։


Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական կապերի զարգացումը, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը։Ակնկալվում է, որ Ֆիդանը կանդրադառնա նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման կարևորությանը, ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումներին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։


 



 


 



Կարդացել են
անգամ

Leave a Comment