Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «աջակցում է «Տրանսկասպյան գազատարի» ծրագրին»։
ԽՍՀՄ փլուզումից ի վեր Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Կասպից ծովում գազային երկու հանքավայրի շուրջ սուր մրցակցությունը դեռևս լիովին կարգավորված չէ, կողմերը նախնական համաձայնության են եկել, որ վիճելի հանքավայրերին տրվում է «Դոստլուկ/բարեկամություն» անվանումը, բայց «Տրանսկասպյան գազատարի» կառուցումը չափազանց բարդ խնդիր է, մերձկասպյան հինգ երկրները պետք է իրենց համաձայնությունը տան։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը և Իրանը «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի կողմ են և հանդիսանում են էներգակիրներ արտահանող երկրներ, Ադրբեջանի տարածքով Եվրոպա բնական գազ արտահանելու Թուրքմենստանի «հավակնությունների» հեռանկարը մնում է անորոշ։
Սարդար Բերդիմուհամեդովի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված միակ «բացահայտումը» այն է, որ «Թուրքմենստանը և Ադրբեջանը էներգակիրների հսկայական պաշարներ ունեն և մտադիր են համագործակցել՝ համատեղելով ջանքերը»։ Խիստ ուշագրավ է, որ հունիսի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ և հիշեցրել, որ Կասպից ավազանի երկրները ունեն պայմանավորվածություններ, իսկ դրանց իրականացումը ««հնգյակի» գործերին «արտաքին միջամտությունը» բացառում է։
«Կասպյան հնգյակի» երկրներ են Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։ «Տրանսկասպյան գազատարի» նախագծով կարող է հետաքրքրված լինել նաև Ղազախստանը։ Բերդիմուհամեդովի Բաքու այցի օրը Ղազախստանի նախագահ Տոկաևը Բրյուսելում բանակցություններ է վարել Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների հետ։ Թուրքմենստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը, ըստ այդմ, արմատապես հակասում է Ռուսաստանի աշխարհատնտեսական շահերին։
Ադրբեջանի նախագահի շատ զգուշավոր հայտարարությունը վկայում է, որ «Տրանսկասպյան գազատարի» նախագիծը շարունակում է մնալ որպես «իրացնելի գաղափար»։ Այդուհանդերձ, Թուրքմենստանի նախագահի Ադրբեջան պետական այցը Մոսկվային հստակ ազդակ է։ Անդառնալիորեն անցյալում են մնացել ժամանակները, երբ «Գազպրոմը» հենց հանքավայրում գնում էր թուրքմենական գազը և վերավաճառում Եվրոպային։ Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է։ Զարգացումները տանում են Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «սիներգիայի»։ Աշխարհատնտեսական և ենթադրվող նոր անվտանգային միջավայրում Հայաստանը պետք է պահպանի և ամրապնդի իր սուբյեկտությունը։
Կարդացել են
անգամ