ՄԻԵԴ վճիռն ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի և կորսված արդարադատության վերահաստատման հարցն է. իրավաբան

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի և կորսված արդարադատության վերահաստատման հարցն է,այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Հայկուհի Հարությունյանը։

Ըստ նրա՝ վճիռը շատ ուշացած է, և ուշացած է  ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ պետության անփույթ ու երբեմն սնանկ քաղաքականության պատճառով։

Բանախոսի խոսքով՝ այս վճիռը շատ լավ հագնամանք է քաղաքական օրակարագը հարստացնելու համար։

«Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հնարավորություն է՝ բոլոր առումներով։ Առաջինը և ամենակարևորը՝ երկար ժամանակ պատերազմական գործողությունների հեղինակ հանդիսանալու կամ վերագրելիության հարցը մնում է առանց պատասխանի, որևէ կերպ, որևէ ձևով ագրեսիայի հեղինակն ու դրա հնարավոր հետևանքները չեն արձանագրվում, որպեսզի քաղաքական երկխոսությունների ժամանակ դրանց նկատմամաբ պատշաճ վերաբերմունք դրսևորվի։

Սա բացառիկ իրավական փաստաթուղթ է, որտեղ հստակ նշվում է ոչ միայն ագրեսիայի վերագրելիության փաստը, որը համարվել է բարձրագույն դատական մարմնի կողմից ապացուցված, այլև պաշտոնական հովանավորությամբ առկա վարքագիծը կոնկրետ անձի նկատմամաբ, որը հանդիսանում է ագրեսիվ քաղաքականություն դրսևորող պետության քաղաքականության ուղղակի իրագործողը»,-նշեց Հարությունյանը։

Leave a Comment