Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարումը նշանակելու է հրաժարում խախտումներից և արդարադատությունից. փաստաբան

Չեմ կարծում, որ խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են, որ կժխտեն իրար, «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Հասմիկ Հարությունյանը՝ անդրադառնալով միջպետական հայցերը ՄԻԵԴ-ից հետ կանչելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածություններին։

«Հակառակը, այդ գործերն ու դրանց արդյունքում հնարավոր արձանագրումները պետք է աջակցեն ու է՛լ ավելի ամրապնդեն խաղաղության օրակարգը։ Մենք 2020 թվականին ունեցել ենք Ադրբեջանի՝ նույն ձեռագրով կատարված խախտումներ՝ կրկին գլխատումներ՝ շատ ավելի մեծ թվով, մենք ունեցել ենք խոշտանգումներ ոչ միայն զինծառայոսղների, այլև քաղաքացիական անձանց շրջանում, փաստացի համակարգված ձևով խախտումներ տեղի են ունեցել մշակութային հուշարձանների նկատմամբ։

Միջպետական հայցերը, որոնք ներկայացված են եղել ՀՀ կառավարության կողմից, հասցեագրում են այս բոլոր խախտումները, և հայցերից հրաժարումը փաստացի նշանակելու է նաև հրաժարում այդ խախտումներից ու արդարադատությունից, մինչդեռ իրական և արժանապատիվ խաղաղությունը պահանջում է նման կոպիտ խախտումների արձանագրում, տուժողների իրավունքների ճանաչում, նաև վերականգնման և փոխհատուցման որոշակի մեխանիզմների գործարկում»,-ասաց Հասմիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ առանց այս կետերի խաղաղությունը չի կարող երկարատև լինել ։

Leave a Comment