Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց



Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:



Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։


Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment