«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը։
«Ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա ցույց է տալիս պատերազմի դեմքը։ Այնպես, ինչպես «Հետք»-ի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ ու նկարել Խալափյաններին, և իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ լուսանկարը, դուք գիտեք՝ ինչի մասին եմ խոսում, և ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա ամենևին էլ ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը, այնպես էլ այս և մյուս դեպքերը դառնալու են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ և կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե իբր իրենք զոհ են, հայերն են հարձակվել իրենց վրա։
«Դա հայրենական պատերազմ չէր. դա ագրեսիվ պզտարեզմ էր։ Հայրենական պատերազմում զինծառայողներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում։ Չնայած Ադրբեջանի կառավարությունն անընդհատ բողոքում է՝ ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատերել են Ադրբեջանի զինված ուժերը, դա կատարել է Ադրբեջանը։
Ադրբեջանը սա պետք է ստիպված ընդունի՝ որքան էլ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը։ Նման դատական ակտերը հերքելու են նրանց՝ այսպես ասած պատմական ճշմարտությունը։
Ինձ համար կարևորն այն է, որ այս դատական ակտը կասկածի տակ է դնում Ադրբեջանի՝ 2016 և 2020 թվականի այսպես կոչված հայրենական պատերազմի կամ ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։
Ադրբեջանը ձգտում էր հասնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերի, ագրեսիվ պատերազմերի լեգիտիմացմանը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելուն, իմ կարծիքով, իրական ամենամեծ արժեքն այդ է»,-ասաց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները Թալիշ գյուղում սպանել էին տարեց ամուսիններ Վալերա և Ռազմելա Խալափյաններին։ Նրանք կտրել էին վերջիններիս ականջները, գնդակահարել նաև Վալերա Խալափյանի մորը` 92-ամյա Մարուսյա Խալափյանին: