Կոստանյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են ՀՀ տնտեսական դիմակայունության և նոր շուկաների հարցը

Կոստանյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են ՀՀ տնտեսական դիմակայունության և նոր շուկաների հարցը

24 հունիսի 2026 – 12:45 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտմանն ուղղված համագործակցության հարցեր։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապակցվածության զարգացման նպատակով համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանը վերաբերող այլ թեմաներ։

Այդ համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում ստորագրված ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության նշանակությունը և դրա արդյունավետ իրագործումը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների հետևանքով ձևավորված իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Նա ողջունել է Եվրամիության և անդամ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև հետագա քայլերը, որոնք ուղղված են լինելու առկա մարտահրավերների հաղթահարմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և նոր տնտեսական շուկաների բացահայտման նպատակով։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

Leave a Comment