Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում

«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։

«Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են այս ուղղությամբ առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ երկկողմ աշխատանքների շարունակումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն տրամադրված ֆինանսական միջոցների կարևորությանը։ Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան շփումների անհրաժեշտությունն առկա օրակարգերի առաջմղման համատեքստում։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացմանը, մասնավորապես «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրագործմանը վերաբերող հարցերին:
Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը:

Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment