«Միավորվում» են որ ի՞նչ անեն

1in.am Ընդդիմության նախընտրական համախմբումը «չստացվեց»։ Ըստ երևույթին, քաղտեխնոլոգները կանխատեսել էին, որ վարչապետի միասնական թեկնածուի շուրջ «կրիտիկական զանգված» չի հավաքվի, և իշխանությունը միանշանակ կհաղթի։ Զուտ քաղաքական առումով դա ճշգրիտ հաշվարկ էր, բայց ընդդիմությանը չհաջողվեց նաև կրկնել «Գյումրիի նախադեպը»։ Այսօր քննարկվում է հետընտրական համախմբման հեռանկարը։ Նախաձեռնությունը հնչել է «Ուժեղ Հայաստանի» ֆորմալ առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրթերով։ Նա փաստացի առաջարկել է «խորքային կառավարություն» ձևավորել, դիմել Ռուսաստանին, որպեսզի Հայաստանի «այս ընթացքը կասեցվի»։


 


Ի՞նչ «ընթացք» նկատի ունի, Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, բայց հասկանալի է, որ խոսքը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և, ինչպես Մոսկվայում են ձևակերպել, «եվրոպական նկրտումների» մասին է։ Հայաստանի համար Եվրամիության անդամակցության հեռանկարը, մեղմ ասած, «տեսանելի ապագա» չէ։ Անորոշ է նաև, թե ԵՄ-ն իրոք կվերածվի՞ «ինքնուրույն ռազմական դաշինքի»՝ ինչպես պնդում են Ռուսաստանում։ Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը, մինչդեռ, նախաստորագրված է։


 


Գործնականում ստացվում է, որ ընդդիմության հետընտրական համախմբումը, «խորքային կառավարության» ձևավորումը և Ռուսաստանին դիմելը Հայաստան-Ադրբեջան խաղաղ ընթացքը կասեցնելու նպատակ է հետապնդում։ Ընդդիմադիր ուժերից համախմբման «պլատֆորմ» առայժմ հրապարակել է միայն Հայ ազգային կոնգրեսը։ Այդ տեքստի քարոզչական «հարդը քամուն տալուց» հետո «մաղի երեսին» մնում է մեկ առարկայական խնդիր՝ թույլ չտալ, որպեսզի Սահմանադրության նախաբանից անկախության Հռչակագրին հղումը հանվի։


 


Եթե նկատի ենք ունենում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ուղղակիորեն կապում է ՀՀ Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջները վերացնելու» հետ, ստացվում է, որ ընդդիմությունը ձգտում է «Արցախը Հայաստան է և վերջ» դրույթը որպես «սահմանադրական նորմ» պահպանել և Հայաստան-Ադրբեջան խաղաղության ընթացքը «կասեցնել»։


 


Գլխավոր հարցը մեկն է՝ հունիսի 7-ի քվեարկությունից Ադրբեջանը ի՞նչ ակնկալիքներ ուներ։ Ուղղակի, միանշանակ պատասխան, ինչ խոսք, դժվար է ձևակերպել։ Փաստ է, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով «խորհրդաժողովը» Բաքուն անոնսավորել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարաշավի փուլում, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հիմնականում այդ «սպառնալիքի չեզոքացման» վրա էր կենտրոնացած։


 


Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը այցելել է Հայաստան։ Դա խորհրդանշական քայլ է, որ վկայում է խաղաղության գործընթացին պաշտոնական Բաքվի առնվազն հրապարակային հավատարմությունը։ Բայց Իլհամ Ալիևը չի չեղարկել «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» օրդուբադյան «խորհրդաժողովը»։ Փոխվել է միայն կարգախոսը: «Յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իր բնակության նախկին վայր վերադաառնալու իրավունք ունի»։ Հղում է արվում, ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքին։


 


Ոչ ոք չի կարող ասել, թե «օրդուբադյան խորհրդաժողովը» ինչ կարգախոս կունենար, եթե հունիսի 7-ի քվեարկությունը այլ արդյունքներ ունենար։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության ընթացքը «կասեցնելու» դեպքում «յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցու» մարդասիրական իրավունքը» չի փոխակերպվելու «Հայաստանը կայացել է վաղեմի ադրբեջանական հողերի վրա» ակնհայտ պահանջատիրական կարգախոսի։


 


Ըստ այդմ, հրատապ է, թե ընդդիմությունը «միավորվում» է որ ի՞նչ անի։


 


 



 


 

Leave a Comment