Կաշիներդ քերթվելու է. Տիգրան Ավինյանը սպառնաց ընդդիմությանը – Ազգ

Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին. վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ։ Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես չեմ բացառում, որ դա ինչ-որ չափով նրանց մոտ ստացվել է։ Սա բացառիկ դեպք էր, երբ որևէ երկրում ընտրակեղծարարությամբ փորձել է զբաղվել ոչ թե իշխանությունը, այլ՝ ընդդիմությունը, և դա անում է համակարգային։

Ես համաձայն եմ, որ այստեղ մեր մեղքի բաժինը մեծ է և պետք է որոշակի քայլեր կիրառեինք դեռևս 8 տարի առաջ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակեղծիքով և ընտրակաշառքով, իրենք դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում»,- ասաց Ավինյանը։

Ըստ Երևանի քաղաքապետի՝ այդ մարդկանց համար անհանգիստ ժամանակներ են գալիս, որովհետև ժողովուրդը թույլ չի տալու ընտրակեղծիքով ընտրություններ։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը ժամանակին չի դիմել ԿԸՀ-ին՝ Կենտրոնական ընտրապայքարից հեռացնելու ընտրակաշառք բաժանած ուժերին, Ավինյանը պարզաբանեց, որ դա արվել է 5 տարի «ողբ ու լացից» խուսափելու համար։

Ըստ Ավինյանի՝ եթե այդ քաղաքական ուժերին հեռացնեին պայքարից, հաջորդ հինգ տարիներին լսելու էին հայտարարություններ, թե այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին, այնինչ իշխանությունը դա նրանց թույլ չի տվել։

«Այ հենց այսպես պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է՝ բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Բոլոր նրանց, ովքեր որ էս պետության դեմ փորձել են հանցանք գործել, կաշիները քերթվելու ա, ես ձեզ խոստանում եմ»,-ասաց Ավինյանը։

Leave a Comment