Դատարանը մերժել է Գևորգ Խամոյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը երեկ՝ հունիսի 22-ին, մերժել է մարզերի բնակիչներին կենդանիներ բաժանելու գործով կալանավորված Գևորգ Խամոյանի խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչականի միջնորդությունը, Armenia Today-ին տեղեկացրել է փաստաբան Գևորգ Խաչիկյանը։

Դատարանը մերժել է Խամոյանի կալանքը և այլ խափանման միջոցով այն չի փոխարինել։

Փաստաբանը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Խամոյանի կալանքի ժամկետը կլրանա և նա պետք է ազատ կարձակվի:

«Խամոյանի նկատմամբ նոր խափանման միջոց կընտրեն քննչական մարմինները․ երևի դա կլինի բացակայելու արգելք կամ այլ մի բան»,- հաղորդել է Խաչիկյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածի՝ Խամոյանը մի խումբ անձանց հետ համագործակցելով, ընտրարշավի ընթացքում խախտել է բարեգործության արգելքը՝ քաղաքացիներին որպես նվեր բաժանելով ընտանի կենդանիներ և թռչուններ։

Խամոյանը կալանավորված է, նա «Միացեք հայեր» բարեգործական նախաձեռնության կամավոր է և տարիներ շարունակ զբաղվել է այս նախաձեռնության աշխատանքների համակարգմամբ։

Հակակոռուպցիոն գործի վերաբերյալ հայտնել էր հունիսի 19-ին։ 

 

Leave a Comment