ՊԵԿ-ը տեղեկացնում է ներմուծման մաքսային նոր պահանջի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանով՝ հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշակի ապրանքների համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվի նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Այս պահանջը տարածվում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի ներքո ներմուծվող ապրանքատեսակների վրա․

  • օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),
  • մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),
  • հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),
  • ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),
  • փաթեթավորված խմելու ջուր, ներառյալ՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Հարկ է նշել, որ հիշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունն այն է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից այս ապրանքների ներմուծման ընթացքում համապատասխանության գնահատման փաստաթուղթը պարտադիր պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին նախապես պարզել իրենց ապրանքների նկատմամբ գործող պահանջները, ժամանակին հայթայթել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։

Leave a Comment