ԱՄՆ-Իրան հուշագրի հայաստանյան «ականները»․ ռիսկեր և հնարավորություններ

ԱՄՆ-Իրան հուշագրի հայաստանյան «ականները»․ ռիսկեր և հնարավորություններ

2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի և Իրանի նախագահները հեռակա կարգով ստորագրեցին պատերազմի դադարեցմանն ուղղված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը։ 14 կետից բաղկացած այս փաստաթուղթն առաջին հայացքից թվում է տարածաշրջանային մեծ պատերազմը մարող հրդեհաշիջում։ Սակայն այն ավելի շատ մատնում է պատերազմից գլուխն ազատելու, նավթի գնաճը կանգնեցնելու և կարգավորման իրական գործընթացը հետաձգելու Թրամփի վարչակազմի ցանկությունը։

Կողմերը «մուկն ու կատու» են խաղում․ ԱՄՆ-ն լուծում է Հորմուզի նեղուցը բացելու և նոյեմբերի միջանկյալ ընտրություններին ընդառաջ ներքին վառելիքի գնաճը զսպելու խնդիր, իսկ Իրանը փորձում է ժամանակավորապես թուլացնել սանկցիաներն ու վերադարձնել սառեցված ակտիվները։ Քանի որ նպատակն իրական կարգավորումը չէ, փաստաթուղթը լեցուն է անորոշ, միջազգային իրավունքի տեսանկյունից խոցելի ձևակերպումներով, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել պարտավորություններից խուսափելու կամ դրանում միմյանց մեղադրելու համար։ Սակայն այն, ինչ Վաշինգտոնի և Թեհրանի համար «թայմ-աուտ» է, տարածաշրջանի և Հայաստանի համար կարող է վերածվել մարտահրավերների նոր գորդյան հանգույցի։

4-րդ կետի «ականը»․ երբ բառերը դառնում են սպառնալիք

Հայաստանի համար հատկապես ռիսկային է հուշագրի 4-րդ կետը, որով ԱՄՆ-ն պարտավորվում է վերացնել իր ռազմածովային շրջափակումը և «Իրանի դեմ ուղղված ցանկացած խոչընդոտ», ինչպես նաև վերջնական գործարքից հետո ուժերը հեռացնել «Իրանի մերձակայքից»։

Արդյո՞ք «ցանկացած խոչընդոտը» վերաբերում է միայն ծովային, թե՞ նաև ցամաքային սահմաններին։ Ի՞նչ ուժերի մասին է խոսքը՝ միայն ռազմակա՞ն, թե՞ նաև քաղաքացիական։ Եվ արդյո՞ք «Իրանի մերձակայքը» ներառում է նաև Հայաստանի հետ սահմանագիծը։

Թեև Ցյուրիխի առաջիկա բանակցությունները կարող են հստակեցնել սա, սակայն ներկայիս ձևակերպումներով Իրանը, թեկուզ տեսականորեն, կարող է պնդել, որ իրեն շրջանցելու և տնտեսապես մեկուսացնելու համար արևմտյան հովանավորությամբ ստեղծվող TRIPP լոգիստիկ հանգույցը «խոչընդոտ» է և հակասում է համաձայնագրի ոգուն։

Խնդիրն այստեղ ոչ այնքան Թեհրանի հիպոթետիկ պահանջն է, որքան հանուն ժամանակ շահելու՝ ԱՄՆ-ի ներկայիս նահանջողական վարքագիծը։ Եթե իր համար կենսական լինի, Վաշինգտոնը կպնդի, որ «խոչընդոտները» վերաբերում են բացառապես միակողմանի պատժամիջոցներին ու էմբարգոյին և չեն կարող սահմանափակել երրորդ երկրների՝ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ իր սուվերեն տնտեսական գործընկերությունը։ ԱՄՆ-ն կհիմնավորի, որ չի կարող միանձնյա չեղարկել TRIPP բազմակողմ նախագիծը, որտեղ ներգրավված են այլ ինքնիշխան պետություններ։

Երեք առանցքային ռիսկերը Երևանի համար

Այդուհանդերձ, ներկայիս ստատուս քվոն Հայաստանի համար պարունակում է երեք ռիսկ.

7-րդ և 10-րդ կետերով պատժամիջոցներից ազատվող Իրանն իր պատրաստի, էժան և ուղիղ ենթակառուցվածքներով կարող է ավելի նախընտրելի դառնալ ներդրողների համար՝ անշահավետ դրության մեջ դնելով TRIPP-ի հայաստանյան կամ տրանսկասպյան բարդ երթուղիները։
Իրեն հաղթող զգացող Իրանը կարող է ակնարկել, որ TRIPP-ին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կդիտարկվի որպես ոչ բարեկամական քայլ։ Այստեղ է, որ TRIPP-ի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրվածության պահպանումը մեզ համար փրկօղակ կլինի։
Տարածաշրջանը տեսնում է, որ ԱՄՆ-ն չկարողացավ ռազմական բացարձակ հաղթանակ տանել և զիջեց Իրանին։ Սա ազդակ է, որ Վաշինգտոնի «անվտանգության հովանոցն» այլևս հարյուրտոկոսանոց երաշխիք չէ, և հույսը միայն մեկ կենտրոնի վրա դնելը վտանգավոր է։ Թեև Հայաստանի ներկայիս ուղեգիծը չի ենթադրում անվտանգության տեղափոխում միայն ամերիկյան «բարձիկների» վրա, սակայն սա ավելի զգուշավոր լինելու հստակ ազդանշան է։

Ինչպե՞ս հաղթահարել․ մարտահրավերից դեպի հնարավորություն

Հայաստանը չի կարող թույլ տալ դառնալ գերտերությունների պայմանավորվածությունների զոհ։ Ռիսկերի չեզոքացման քայլերը պետք է սկսել անհապաղ՝ չսպասելով ցյուրիխյան բանակցություններին։ Դրա համար ունենք երկու կարևոր հարթակ։

Առաջին՝ Հայաստանը TRIPP-ը միշտ դիրքավորել է ոչ թե որպես հակաիրանական նախագիծ, այլ որպես «Խաղաղության խաչմերուկի» տարածաշրջանային կամուրջ։ Երկրորդ՝ պատերազմի ընթացքում Երևանն ապացուցեց, որ ԱՄՆ-ի հետ գործակցությունն ամենևին չի նշանակում դառնալ ազդեցության գործակալ՝ միաժամանակ պահպանելով Իրանի հանդեպ «էմպատիկ չեզոքություն»։ Հիմա Երևանի խնդիրն է Թեհրանին համոզել, որ հայաստանյան ենթակառուցվածքները կամուրջ են հենց Իրանի համար՝ պատժամիջոցներից ազատվելու և դեպի եվրոպական շուկաներ ծավալվելու ճանապարհին։ Ուստի TRIPP-ը լրացնող, այլ ոչ թե մրցակցող նախագիծ է։

Կա ևս մեկ փոխշահավետ նախադրյալ։ Անկախ նրանից, որ Իրանի ապաշրջափակումը կարող է նվազեցնել միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հաղորդուղիների հանդեպ, այն լայն հեռանկար է բացում Իրանից գազի և նավթի ներկրման ամբիցիոզ նախագծերի համար։ Սա կթուլացնի մեր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և Իրանի հետ հարաբերություններին կհաղորդի ավելի կառուցողական բնույթ։ Ցանկացած մարտահրավեր, ի վերջո, նաև հնարավորություն է։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment