ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են, որոնք գնահատվել են արդյունավետ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման հրամայականը։ Ըստ նրա՝ պատերազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պետք է ավարտվեն։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։
-Ինչպե՞ս կգնահատեք Շվեյցարիայում կայացած բանակցությունները։
-Բանակցությունների բերած հաջողությունը կապված է Իսրայելի դիրքորոշումից, քանի որ այստեղ ստորագրված փոխըմբռնման հուշագրում հստակ նշված է, որ հրադադար պետք է տեղի ունենա։ Եվ Թրամփն էլ ևս սպառնալից հայտարարություն արեց. Իսրայելը շարունակեց հարձակումը Լիբանանի հարավում, ու բնականաբար, իրանցիները նույնիսկ որոշեցին հեռանալ։ Բայց Պակիստանը կարողացավ նրանց համոզել, որ շարունակեն։ Այս գործընթացը շատ փխրուն է, իսկ Իսրայելում՝ անգամ հասարակության մակարդակով, շատ դեմ են այս բանակցություններին։ Դրա համար էլ այս բանակցություններում, եթե անգամ հաջողության հասնեն, ընթացքում հաստատ լարված պահեր, կարծում եմ, շատ կլինեն։ Եթե Իսրայելը համաձայնի էլ, միայն Նաթանյահուն չի. իր կառավարության կոալիցիոն գործընկերներն ավելի ծայրահեղական են։ Նրանց նպատակը Իրանում իշխանափոխությունն է՝ իրենց սրտի իշխանին՝ Իրանի նախկին թագաժառանգին բերելը, ինչը չստացվեց։ Բացի դրանից՝ Նաթանյահուն խոստացել էր 4-5 օրվա ընթացքում գլխատել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց չհաջողվեց։ Ինչպես տեսնում ենք, նույնիսկ բանակցությունների օրակարգը փոխվեց՝ շեշտը դրվեց Հորմուզի նեղուցի բացման վրա, և այլ հարցեր քննարկվեցին, մինչդեռ այն ժամանակ նման խնդիր օրակարգում չկար։
– Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
-Շարունակվել է փոխըմբռնման հուշագրի քննարկումը, որտեղ 14 կետով հստակ նշված է՝ ինչ հարցեր են քննարկվելու։ Առաջին հարցն արդեն կյանքի է կոչվել՝ Իրանի ծովային շրջափակման վերացումը, օդային տարածքի բացումը, Իրանի նավթի արտահանումը։ Նշանակում է՝ բանակցությունն այդ հուշագրում եղած առաջին կետի կյանքի կոչումն է։
-Իրանի ԱԳՆ խոսնակը խոսում է «բոլոր ճակատներում պատերազմների դադարեցման հրամայականի» մասին․ սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Իրանն այդ պատճառով էր հրաժարվել բանակցել, քանի որ Իսրայելն այդ ժամանակ դարձյալ հարձակվել էր Լիբանանի հարավի վրա։ Այսինքն՝ այդ բոլոր ճակատներ ասելով՝ ի նկատի ունեն Լիբանանը և Իրանը։ Հիմա Լիբանանում Իսրայելը կրակը չի դադարեցնում, նույնիսկ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն այլևս այդպես չպիտի վարվի։ Խաղաղ բնակիչների վրա հարձակում, ոչնչացում չպիտի լինի. Թրամփը ևս Իսրայելին նախազգուշացրել է։ Բայց քանի որ Իսրայելը՝ անձամբ Նաթանյահուն, դեմ է այս բանակցություններին, դրա համար նշեցի, որ այդ գործընթացը լինելու է լարվածություններով։ Եթե պետք է այս բանակցություններում վերջնարդյունքի հասնել, ապա Իսրայելը չպիտի խոչընդոտի։
-Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի կոշտ արձագանքը՝ «մենք հաշվի չենք առնում ամերիկյան սպառնալիքները», որքանո՞վ է ազդում բանակցային գործընթացի վրա՝ այն դարձնելով ավելի բարդ կամ ավելի կոշտ։
-Սրանք բոլորովին էլ այդքան էական նշանակություն չունեն, որովհետև նույն բանը… ամեն վայրկյան անկանխատեսելի Թրամփը կարող է մի ուրիշ հայտարարություն անել։ Իրանցիներն իրենց դիրքերում ամուր են. կարելի է ասել՝ իրենք գլոբալ առումով ավելի հաղթանակած են՝ անկախ այդ հսկայական նյութական և մարդկային կորուստներից։ Սպառնալից հայտարարությունները եղել են ամբողջ պատերազմի ընթացքում, և դա շարունակվելու է։ Դրանց պատճառով ևս այդ բանակցություններն անցնելու են լարված պահերով։ Հատկապես պիտի հաշվի առնենք, որ շատ միջազգային փորձագետներ նույնիսկ նշում են՝ Ամերիկայի բանակցող թիմում երկու ծայրահեղ ուղղափառ հրեաներ կան, որոնք ձգտում են բանակցություններում առաջ տանել Իսրայելի շահերը։
Լիլիթ Աբրահամյան
