ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որում առաջարկվում է փոխել գործադիրի անդամների երդման տեքստը։
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- նշված է նախագծում։
Ըստ հիմնավորումների՝ օրենքի գործող տարբերակում սահմանված տեքստը ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են ժողովրդավարական և իրավական պետության համար։Առաջարկվող երդման տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և Կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը։
