Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք․ Ֆարմանյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 764 տոննա պտուղ-բանջարեղեն և 7 տոննա ծաղիկ։ Սակայն տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ այս թվերը չեն կարող վկայել արտահանման խնդիրների լուծման մասին։

«Այն ծավալները, որոնք մենք արտահանում ենք Եվրասիական տնտեսական միության երկրներ և Եվրամիության երկրներ, իրար հետ բացարձակ համադրելի չեն։ 2025 թվականին Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, մինչդեռ դեպի Եվրամիության երկրներ՝ շուրջ 667 միլիոն դոլար։ Արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում շուրջ 39 տոկոսը, իսկ Եվրամիությանը՝ նույնիսկ 8 տոկոսը չի հասնում»,- YerevanToday-ի հետ զրույցում նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ միանվագ արտահանումների մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները։

«Եթե այսօր հինգ ֆուռ ապրանք արտահանվի Ֆրանսիա, դա դեռ չի նշանակում, որ մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք և այլևս խնդիր չունենք։ Մեր գյուղմթերքի արտահանման ավելի քան 95 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին, և այդ իրողությունը չի փոխվում նրանով, որ որոշ քանակությամբ ծաղիկ կամ գյուղմթերք արտահանվել է այլ ուղղություններով»,- ասաց նա։

Ֆարմանյանը նաև ընդգծել է, որ եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի համար կան լուրջ խոչընդոտներ՝ թե՛ ծավալների, թե՛ որակի ստանդարտների առումով։

«Եվրոպայում մեր արտադրանքի նկատմամբ կան խիստ պահանջներ։ Մենք հաճախ նույնիսկ այդ քանակները չենք արտադրում, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ ծավալները։ Բացի այդ, կան թունաքիմիկատների և որակի վերահսկման խիստ չափանիշներ, որոնց համապատասխանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները լիարժեք չունենք»,- նշեց նա։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Ֆարմանյանը նշել է, որ միությունը պետք չէ դիտարկել միայն որպես շուկա։

«ԵԱՏՄ-ի հետ մենք ունենք ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Ապրանքները ներկրվում և արտահանվում են առանց մաքսատուրքերի։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա միայն մաքսատուրքերի հաշվին ներկրվող ապրանքները կարող են առնվազն 10 տոկոսով թանկանալ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Իրանի հետ առևտրին, որը ներկայում իրականացվում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում։

«Այս ամենը շատ լուրջ, նույնիսկ կոլապսային հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար»,- ընդգծեց Ֆարմանյանը։

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին՝ նա նշել է, որ ԵՄ անդամակցության շուրջ հնչող հայտարարությունները չեն համապատասխանում առկա տնտեսական պատկերին։

«Եվրամիությունը անդամակցության բանակցություններ սկսում է այն երկրների հետ, որոնց արտահանման կառուցվածքում առնվազն 40 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։ Մեզ մոտ այդ ցուցանիշը նույնիսկ 8 տոկոս չի կազմում։ Այսօր հնչող հայտարարությունները, իմ գնահատմամբ, զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում»,- եզրափակեց նա։

 

Leave a Comment