Այս համատեքստում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը խիստ ուշագրավ հայտարարություն է արել։ Ինչպես փոխանցել է ԲելՏա պաշտոնական գործակալությունը, Վոլֆովիչը ասել է, որ Բրյանսկի մարզում բելառուսական ավտոբուսի դեմ դրոնային հարձակման հետ կապված «որոշակի պահեր կզեկուցվեն պետության ղեկավարին, որոշում կընդունվի, բայց չի հաջողվի Բելառուսը ներքաշել հակամարտության մեջ»։
Ավելի երկիմաստ է Բելառուսի ԱԽ քարտուղարի այս հայտարարությունը․ «Էական չէ, ում ավտոբուսն է՝ բելառուսակա՞ն է, ռուսակա՞ն, թե այլ պետությա՞ն է պատկանում, դա խաղաղ բնակիչներով ավտոբուս է, բայց նա, ով այդ հարվածը հասցրել է, փորձել է առիթ ստեղծել, որպեսզի Բելառուսը և Ուկրաինան բախվեն և ինչ-որ վատ իրավիճակ սադրի»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ «չկան ապացույցներ, որ ավտոբուսը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի հարձակմանը», իսկ Ուկրաինայի ԶՈՒ Անօդաչու ուժերի հրամանատարությունը պաշտոնապես հայտնել է, որ «այդ օրը նշված տեղաշրջանում ուկրաինական դրոններ առհասարակ չեն կիրառվել»։
Հունիսի 12-ին Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է Al Arabia-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցի տեքստային ամբողջական տարբերակը, որտեղ նա բացառել է Ուկրաինայի դեմ պատերազմին Բելառուսի մասնակցությունը։ Լուկաշենկոն նույնիսկ ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանը կստանա հազար հինգ հարյուր կիլոմետրանոց ռազմաճակատային նոր գիծ, որ «դժվար կլինի պահել»։ Երկու օր հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը մեկնել է Մինսկ։ Բանակցությունների ավարտին Լուկաշենկոն հայտարարել է, որ «բոլոր հարցերը կքննարկվեն» ՌԴ նախագահի հետ «մոտակա օրերին կայանալիք հանդիպմանը»։
Ո՞վ է «Նա», որ բելառուսական ավտոբուսի դեմ դրոնային հարձակմամբ փորձել է հասնել բելառուսա-ուկրաինական բախման և «ինչ-որ վատ իրավիճակի սադրման»։ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը միանշանակ հայտարարել է, որ իր երկիրը «բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորման, խաղաղության և ողջամտության կողմնակից» է։