Իրանի պատերազմի ֆոնին նավթի գների կտրուկ աճը նոր խթան է տվել էլեկտրամոբիլների համաշխարհային շուկային՝ հատկապես զարգացող երկրներում։ Վառելիքի թանկացման պայմաններում ավելի շատ վարորդներ են հրաժարվում բենզինային մեքենաներից ու ընտրում էլեկտրական տարբերակները, իսկ այս միտումից հատկապես շահում են չինական ավտոարտադրողները։ Սակայն պահանջարկի աճին զուգահեռ՝ լուրջ խնդիր է մնում լիցքավորման ենթակառուցվածքների պակասը։
Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարել է աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի զգալի մասի մատակարարումները։ Չինաստանն այս իրավիճակում ստացել է նոր շուկաներ ընդլայնվելու հնարավորություն։ «Ember» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ապրիլին չինական էլեկտրամոբիլների համաշխարհային արտահանումը հասել է 9,4 միլիարդ դոլարի՝ դառնալով ռեկորդային։ Մատակարարումները կտրուկ աճել են այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Ավստրալիան, Բրազիլիան, Հարավարևելյան Ասիան և Արևելյան Աֆրիկան։ Իսկ Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ մայիսին երկիրն արտահանել է մոտ 435 հազար էլեկտրամոբիլ, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։
