Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հայտարարություններն ու գործողություններն ուկրաինական կողմի վերաբերյալ կարող են բացասական հետևանքներ ունենալ հենց իր՝ Լեհաստանի ղեկավարի համար: Այս մասին նա ասել է «ՏՍՆ» (ТСН) հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Անդրադառնալով Սպիտակ արծվի շքանշանից զրկելու վերաբերյալ Լեհաստանի նախագահի որոշմանը՝ Զելենսկին նշել է, որ Նավրոցկին շարունակում է ներքին քաղաքական պայքարը սեփական պետության ներսում: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նման քայլերն արվում են ուկրաինացիների հանդեպ բացասական տրամադրություններ հրահրելու հաշվին, ինչը նա որակել է որպես վատ նախադեպ:
«Սա վատ պատմություն է։ Կարծում եմ՝ սա վատ կավարտվի նրա համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի ղեկավարի գնահատմամբ՝ Լեհաստանի նախագահի գործողությունները թելադրված են բացառապես ներքաղաքական շահերով և հաշվի չեն առնում լեհ-ուկրաինական հարաբերությունների կարևորությունը: Զելենսկին հավելել է նաև, որ Լեհաստանում ժողովրդավարություն է, այլ ոչ թե միապետություն, ուստի քաղաքական գործիչների որոշումները պետք է համապատասխանեն այդ համակարգին: