Միացյալ Նահանգներում քաղաքացիները սկսել են դատական հայցեր ներկայացնել արհեստական բանականության տվյալների կենտրոնների դեմ՝ պատճառ հանդիսացող արդյունաբերական աղմուկի հիմքով։
Միաժամանակ երեք փոքր քաղաքներում գրանցվել է երեք դատական հայց։ Ըստ հայցվորների պնդումների՝ չնայած տվյալների կենտրոնների համապատասխանությանը գոտիավորման հիմնական կանոնակարգերին, մշտական բզզոցն ու թրթռումները նվազեցնում են տարածքում գտնվող գույքի արժեքը և անհանգստություն պատճառում բնակիչներին։ Նյու Ջերսի նահանգի Վայնլենդ քաղաքի բնակիչները դատական հայց են հարուցել DataOne USA ընկերության դեմ, որն այժմ իրականացնում է իր տվյալների կենտրոնի ընդլայնումը:
Տեղի բնակչությունը մտավախություն ունի, որ աշխատանքների ավարտից հետո աղմուկն էլ ավելի կմեծանա: «Սարքավորումներից եկող անընդհատ աղմուկը հատկապես նկատելի է գիշերը: Այն հնչում է ուղղաթիռի ձայնի պես, իսկ երբեմն՝ անընդհատ շարժվող ծանր բեռնատարի ձայնի պես», – դատական հայցում նկարագրում է բնակիչներից մեկը: Միչիգան նահանգի Դոուագիակ քաղաքում մարդիկ դժգոհում են Hyperscale Data-ի տվյալների կենտրոնից անդադար տարածվող բզզոցից։ Այս կենտրոնը տեղակայված է բնակելի շենքերի հարևանությամբ։ Տեղական MLive հրատարակության փոխանցմամբ՝ բնակիչները հայտնում են, որ օբյեկտի աղմուկը լսելի է նույնիսկ փակ պատուհանների պարագայում:
Որոշ հարևաններ արդեն դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։ Միչիգանում տեղի բնակիչները բողոքում են նաև Microsoft ընկերության կողմից շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոն կառուցելու ծրագրերի դեմ: NYT-ը նշում է, որ ԱՄՆ-ում տների գրեթե 40%-ը գտնվում է առնվազն մեկ գործող տվյալների կենտրոնից հինգ մղոնի շառավղով։ Ներկայումս երկրում գործում է մոտ 3000 տվյալների կենտրոն, իսկ ևս 1500-ը կառուցման փուլում են։