Ադրբեջանական «AzerTelecom» և հայկական «Telecom Armenia» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագրեր, որոնց համաձայն՝ Հայաստանին միջազգային ինտերնետային կապ կտրամադրվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։
Գործարքի շրջանակում «AzerTelecom»-ը, օգտագործելով իր ենթակառուցվածքները, կապահովի դեպի Հայաստան ինտերնետ-թրաֆիկի տարանցումը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս համագործակցությունը միտված է տարածաշրջանում կապի երթուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և ոլորտային համագործակցության խորացմանը։
Նշենք, որ «AzerTelecom»-ը Ադրբեջանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունն է, որը հանդիսանում է միջազգային «NEQSOL Holding» խմբի մաս։ Ընկերությունը ներկայումս իրականացնում է «Թվային մետաքսի ճանապարհ» տրանսկոնտինենտալ նախագիծը՝ Եվրոպայի և Ասիայի միջև թվային նոր միջանցք ստեղծելու նպատակով։
