22 հունիսի 2026 – 11:27 AMT
PanARMENIAN.Net – Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել քաղաքական ուժերի համախմբման նախաձեռնությամբ՝ առաջարկելով ձևավորել «Ոչ»-ի միասնական ճակատ և կազմակերպել համատեղ գործունեություններ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ-ի՝ Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով վարչապետ «Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց»:
«1.Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» եւ խաղաղության թշնամիներ։
2.Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետեւանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը եւ խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
3.Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ֊ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին եւս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5֊րդից ավելի մեծամասնություն, էապես թուլացնելով նրա իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգը։
4.Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում եւ Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետեւ իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող եւ Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։
Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀԱԿ-ն առաջարկում է համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»֊ի շարժման միասնական ղեկավար մարմին